«01-99-Ը»՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈ՞ՒՄ. «ՀԻՄԱ ՊԱՐԱՆ Է, ՊՈԿՎԵԼ Է»
Արխիվ 12-16«01-99-Ը»՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈ՞ՒՄ. «ՀԻՄԱ ՊԱՐԱՆ Է,
ՊՈԿՎԵԼ Է»
Ինչպես արդեն հայտնի է, «Իրավունքը», երեկ հղում տալով իր աղբյուրներին, հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում մի քանի օր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ պոկվել է պարանը, որի հետեւանքով դերասաններից մեկը երկու հարկ բարձրությունից ցած է ընկել` կոտրել ուսը եւ վնասել կոնքը:
Հրապարակումից անմիջապես հետո թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչներ կասկածի տակ դրեցին մեր տեղեկությունները: Սակայն մեր հրապարակման հենց հաջորդ օրը՝ այսօր, news.am-ի հետ զրույցում թատրոնի գլխավոր հաշվապահ Անաիդա Այվազյանը հաստատել էր «Իրավունքի» տեղեկությունները:
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել տուժող դերասան ՎԱՍԻԼ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, ով ներկայացման մեջ խաղացել եւ արդեն հինգ տարի խաղում է ծառայի՝ Օսվալդի կերպարը: Վերջինս մեզ հետ զրույցում եւս հաստատեց, որ ներկայացման ժամանակ պարանը պոկվել է, որի հետեւանքով նա ստացել է վնասվածքներ. «Կոտրվել է աջ թեւս, ճաք է տվել աջ կողմի տազս»,- ասաց դերասանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Թե երբ է դուրս գրվելու Վ. Նազլուխանյանը, դեռ հայտնի չէ, բժիշկները նրան հետազոտում են:
Դերասանը չգիտի՝ ինչու է ներկայացման ժամանակ պարանը պոկվել. «Դե, անվտանգությունը, երեւի, ապահովել են, էլի: Մութ էր, արագության մեջ գուցե ուրիշ պարան բռնած լինեմ»:
Փաստորեն, մեղքը ձեզ վրա եք վերցնում հարցին ի պատասխան տուժողը դրական պատասխանեց. «Հիմա ինչ, անուններ տա՞մ, մի հատ էլ հոդված սարքեք, ինչ-որ մարդկանց դատի տա՞ք: Ես եմ մեղավոր: «01-99» ֆիլմը տեսե՞լ ես: Հարցնում են՝ կարո՞ղ է ավտոյի տակ ես ընկել, ասում է՝ կարող է ընկել եմ: Դե, հիմա պարան է, պոկվել է: Ինքնաթիռն էլ է ընկնում, տրաքում: 4-5 տարի խաղացել ենք էդ ներկայացումը, ոչինչ չի եղել, հենց էդ օրը եղավ: Դիտավորություն հաստատ չկա»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը քիչ գումար ծախսելու համար տեխնիկական մասը լավ չի ապահովել, դրա համար էլ պարանը պոկվել է, Վասիլ Նազլուխանյանը հերքեց այդ խոսակցությունները. «Չորս-հինգ տարի է` միշտ նույն ձեւով գնացել է, ուղղակի էդ պահին պարանը կտրվել է: Դե, հիմա ոչ ոք չէր ցանկանա նման բան տեղի ունենար: Դիտավորություն չկա: Ես ոչ մեկին չեմ մեղադրում»:
Ինչ վերաբերում է իրավապահների կողմից քրեական գործ հարուցելուն, դերասանի խոսքով՝ տեղյակ չէ՝ հարուցվե՞լ է քրգործ, թե՞ ոչ. «Իրավապահներին ասել են՝ ոչ ոք մեղավոր չէ, ես ավտոյի տակ եմ ընկել»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի ու գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ, սակայն երկուսի հեռախոսահամարներն էլ անհասանելի էին: Անպատասխան մնացին նաեւ թատրոնի քաղաքային հեռախոսահամարին ուղղված զանգերը: Տուժող դերասանի տեղեկացմամբ՝ գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը Թբիլիսի է մեկնել` հյուրախաղերի: «Միգուցե Չախմախչյանը նրա հետ է մեկնել»,- եզրափակեց պարոն Նազլուխանյանը:
Սոնա Դավթյան

