Նախորդ շաբաթ Վերահսկիչ պալատն առաջին անգամ հանձնաժողովներում ներկայացրեց 2013 թ.-ի հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ: Որքան էլ զարմանալի թվա, հաշվետվության քննարկմանը ընդդիմությունն ու այլընտրանք համարվող ԲՀԿ-ն մեծ մասամբ պասիվ էին: Հիմնական հարցադրումները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ընդդիմության այս պասիվությունը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, ներիշխանական կուլիսներում դարձել է քննարկման առարկա: ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ով ներկա է եղել քաղաքաշինության ու ճանապարհաշինության ոլորտներին առնչվող զեկույցներին, հաստատեց այդ տեղեկությունները: ՙԱյո, ինձ համար էլ էր զարմանալի, որ ընդդիմությունը պասիվ էր քննարկումներին: Բան ունեին ասելու, թող հնչեցնեին, ոչ թե լիագումար նիստերին պոպուլիստական ելույթներով հանդես գան՚,- պատասխանեց Կարախանյանը: ՀՀԿ պատգամավորի խոսքով` ընդդիմությունը ՎՊ-ի հաշվետվության մասին իր կարծիքը կհնչեցնի լիագումար նիստերին` ժողովրդին հաճոյանալու համար: ՙԵթե ուզում ենք` սայլը տեղից շարժվի, պետք է սկսենք հանձնաժողովներից՚,- մանրամասնեց պրն Կարախանյանը` հավելելով, որ ընդդիմության նման պահվածքը քաղքենիություն է: Ինչ վերաբերում է ՎՊ-ի հաշվետվությանը, ՀՀԿ պատգամավորն անկեղծացավ. վատ է զգում ամեն անգամ, երբ նման խախտումների ու յուրացումների մասին է լսում: ՙԱսում ենք` ինչպես անենք, որ երկրի վիճակը լավանա, հզորանա, իսկ հետո պարզվում է, որ կան մարդիկ, որոնց ուղեղներից պետականության գաղափարը հանված է: Ներքին զգացողություն ունեմ, որ մրցույթներ շահելու գործընթացն արդար ու ազնիվ չի կատարվում՚,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ