ՙՔԵՍԱԲՈՒՄ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ԱՎԵՐՎԵՑ ՈՒ ՏԵՂԱՀԱՆՎԵՑ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԲԱՅՑ ՈՐԵՎԷ ԿՈՆԿՐԵՏ ԱՐՁԱԳԱՆՔ ՉՏԵՍԱՆՔ՚
Վերջերս Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զոր Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ՙԻսլամական պետություն՚ կոչված ահաբեկչական խմբերի կողմից, կարծես թե, մոռացվեց միջազգային հանրության կողմից` բավարարվելով միայն մի քանի հայտարարությամբ: Իսկ թե ինչ կարող ենք մենք պահանջել` իրավական մակարդակով, միջազգային կառույցներից, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
-Կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ 21-րդ դարում գործ ունենք մի բարբարոս ժողովրդի, ցեղախմբի հետ, որը իրավական կամ միջազգային իրավունքի ո°չ սուբյեկտ է հանդիսանում, ո°չ էլ` իրավունքի ինչ-որ մասի կրող: Հետեւաբար, այս պարագայում խոսել որոշակի ինչ-որ պատժամիջոցների կամ պատժելու մասին, էլի կգանք մեր հին ՙթղթե շերեփին՚, ինչը ցավով եմ ասում: Պարզապես, նրանք պետք է արդեն իսկ պատժված լինեին, որովհետեւ մենք ունենք աչքի առաջ Քեսաբը` Սիրիայի հայկական ամբողջ մի հատված, որտեղ ամեն օր ավերվում են մեր եկեղեցիները, պատմամշակութային վայրերը, որոնք իսկապես պետք է դատապարտվեին, բայց որեւէ քայլ, որեւէ գործողություն, տեսնում ենք, որ չի իրագործվում: Հատկապես Քեսաբում, որտեղ օրը ցերեկով ավերվեց եւ տեղահանվեց մի ամբողջ ժողովուրդ, բայց որեւէ կոնկրետ արձագանք չտեսանք: Այս պահին էլ, եթե խոսենք Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու միջազգային իրավական կարգավորման մասին, իհարկե, ճիշտ է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ է: Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք եւ հետեւողական տանենք այն ուղղությունը, որպեսզի այդ հանցագործների հետեւում թաքնված իրական մեղավորները բացահայտվեն, ինչը շատ ավելի կարեւոր է: Թե ովքեր են պայթեցրել, դա ընդամենը, այսպես ասած, կատարածուների մի խումբ է, ավելի կարեւոր է, թե ովքեր են ֆինանսավորել, ովքեր են այդ գաղափարի կրողները եղել, ովքեր են իրագործել ու ինչ նպատակ ունեն: Եվ պետք է ասեմ նաեւ, որ մի շարք գերտերություններ, նաեւ Թուրքիան, եթե չդատապարտի այս գործողությունը եւ որոշակի քայլերով հանդես չգա, ուրեմն` մենք պետք է որոշակի հետեւություններ անենք: Ցավով պետք է ասեմ, որ մենք մեկ փաստի վրա էլ ուշադրություն դարձնենք, թե ինչու են այդ ոճրագործությունը կատարողները, ինչպես մամուլից եմ տեղեկացել, հենց Թուրքիայում իրենց բուժումը ստանում: Սա ընդամենը խնդիր է, որը պետք է վերլուծենք ու կարողանանք նաեւ այդ ուղղությամբ մտածել: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ