ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ՙԵՌՅԱԿԻՆ՚. ՙՀՐԵՇԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԻՆՔՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՀՐԵՇԻ՚
Արխիվ 12-16ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ՙԵՌՅԱԿԻՆ՚.
ՙՀՐԵՇԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԻՆՔՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՀՐԵՇԻ՚
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքի եւ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ ուշագրավ մտքեր է հայտնել ՙԻրավունքին՚ տված հարցազրույցում:
-Պրն Մինասյան, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը վերջերս հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թ.-ի գարնանը: Ողջամիտ է այս ժամկետը` ըստ Ձեզ:
- Ես չգիտեմ` ով է որոշել, որ սահմանադրական բարեփոխումները լինելու են 2016 թ.-ին: Հանձնաժողովը նման որոշման իրավասություն չունի: Միգուցե Գեւորգ Դանիելյանն իր անձնական տեսակետն է հայտնել: Իմ կարծիքով` դա պետք է լինի ոչ ուշ, քան 2016-ի կեսերը, որպեսզի ժամանակ հատկացվի օրենքների ընդունման, ընթացակարգերի սահմանման, հասարակությանը պատշաճ կերպով իրազեկվի սահմանադրության փոփոխման իրականացման մեխանիզմների մասին: Հակառակ դեպքում` կլինի այնպես, որ մենք հապճեպորեն կանենք մի բան, որից հասարակությունը տեղյակ չի լինի:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւորելով հանդերձ` ամեն փոփոխություն չէ, որին պետք է ՙայո՚ ասել: Եթե փոփոխությունները համակարգային չեն լինելու, անիմաստ է դրանք անել: Այդ դեպքում` մենք էլ կարող է հանդես գանք սահմանադրական բարեփոխումներին դեմ: Մի համեմատություն անեմ` սահմանադրական բարեփոխումները նման են ՙԶապորոժեց՚ մեքենային: Եթե ՙԶապորոժեցի՚ վարորդին Շումախերով փոխարինենք, ՙԶապորոժեցը՚ կմնա ՙԶապորոժեց՚: Մենք առաջարկում ենք մեքենան փոխել եւ մեքենային համապատասխան կառավարողներ առաջարկել: Տրակտորիստ Վասիլը չի կարող, օրինակ, BMW նստել, եթե այն վարել չգիտի:
- Բացի այն, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՙԺառանգությունը՚ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, սոցցանցերում եւս ակտիվ քարոզչություն է տարվում սահմանադրական բարեփոխումների դեմ, մասնավորապես, ստեղծվել է ՙՈչ` սահմանադրական բարեփոխումներին՚ ֆեյսբուքյան խումբը, որտեղ ասվում է` սահմանադրական բարեփոխումներն իշխանության վերարտադրման համար են արվում: Մտավախություն չունեք, որ նման քարոզչության դեպքում հասարակությունը կասի ՙոչ՚` սահմանադրական հանրաքվեին:
- Ես այլ մտավախություն ունեմ: Ցավում եմ, որ ՙոչ՚ ասողների հսկայական հատվածը ՙոչ՚ է ասում ոչ թե սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, այլ այսօրվա իշխանություններին: Դեմ է ոչ այնքան էությանը, որքան` ձեւին, որը վատ է: Եթե դու դեմ ես սահմանադրական բարեփոխումներին, հստակ պետք է պատկերացնես ՙդեմ՚-ի բոլոր հետեւանքները: Եթե դու կողմ ես, ապա ինչ բովանդակությամբ ես կողմ:
- Պրն Մինասյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կանգ է առել կառավարման խորհրդարանական համակարգի ընտրության վրա: Ձեր կարծիքով` կառավարման համակարգի փոփոխություն հնարավո±ր է Հայաստանում:
- Իհարկե հնարավոր է, եթե դադարեն դեմագոգիկ հայտարարությունները: Այն, ինչ ասվում է հիմա, ասվում է ատելություն ու թշնամանք սերմանելու համար: Մենք դրա պտուղները քաղել ենք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի տեսքով: Երկիրը` իրար հայհոյելով, ատելություն ու թշնամանք տարածելով, առաջ չի գնա:
- Քանի որ հայհոյանքի մասին խոսեցիք, փաստորեն, կարելի է ենթադրել, որ Աբովյանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած հայհոյանքն անընդունելի եք համարում:
- Այո, այդ մոտեցումով հնարավոր չէ զարգացման քաղաքականություն տանել: Այդ մոտեցումը նշանակում է իջնել փողոցի մակարդակի, տանել տղայական խոսակցություն, որը քաղաքականություն չպետք է դառնա:
- Ինչ տպավորություն ստացաք ՙեռյակի՚ մարզային հանրահավաքներից:
- Չեմ ուզում բացասական գնահատական տալ: Հասարակությունն ունի դժգոհության իր չափաբաժինը եւ այն արտահայտում է: Ինձ համար հարց է առաջացնում հետեւյալը. ինչու են դեմ սահմանադրական բարեփոխումներին, եթե չկա դրանց ուղղվածությունը եւ ձեւակերպումները: Չեմ ուզում անուններ տալ, բայց ՙԵռյակի՚ որոշ ելույթներ ոչ թե միտված էին երկրում դրական փոփոխություններ անելուն, այլ սեփական թեկնածուին նախագահ տեսնելուն, որը նշանակում է` ելույթ ունեցողները ցանկանում են անձնափոխություն, ոչ թե համակարգային փոփոխություններ: Բազմիցս ենք ասել` նախագահի աթոռը քաղցր է, եւ ով նստեց դրա վրա, չի ցանկանա հրաժարվել դրա քաղցրությունից: Ոչ մի երաշխիք չկա, որ այն ուժերը, որոնք ասում են` նստեք նախագահի աթոռին, նոր անենք սահմանադրական փոփոխություններ, որեւէ երաշխիք չկա, որ դրանք կարվեն: Միջազգային փորձն ապացուցել է` հրեշին սպանողն ինքն է վերածվում հրեշի, որովհետեւ նա նստած է մեծ հարստության վրա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

