ՊՈՒՏԻՆ. ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ստեղծած Եվրասիական տնտեսական միության մասնակիցների թիվը կաճի, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հիշեցնելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու գործընթացը եզրափակիչ փուլում է:
ՙԱյժմ ավարտվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, ակտիվորեն երկխոսություն է տարվում Ղրղզստանի հետ: Վստահ եմ, որ հեռանկարում այդ միավորման մասնակիցների թիվը կաճի՚,- ասել է Պուտինը ՙՎՏԲ Կապիտալի՚ կազմակերպած ՙՌուսաստանն է կանչում՚ ֆորումում: ՙՄիաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ` ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարեւոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առեւտրային գործընկերն է՚,- ավելացրել է նախագահը, հաղորդում է ՙՌԻԱ Նովոստին՚: