ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Դեռեւս ԽՍՀՄ-ի գոյության օրոք, երբ մեր հայրենակիցներից շատերը ԱՄՆ-ի մասին հեքիաթային պատկերացումներ ունեին, լեգենդար ֆուտբոլիստ ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱՆ հայտարարել էր. ՙԵս ատում եմ այն ամենը, ինչը գալիս է ԱՄՆ-ից: Ես ամբողջ հոգով-սրտով ատում եմ ԱՄՆ-ն՚: Այն, ինչ կատարվում է այսօր, զարմանալի ճշգրտությամբ հիմնավորում է Մերձավոր Արեւելքի ողբերգական իրադարձություններով: Այսպես, Սիրիայում Աքրամ ալ Մահզումիի անվան դպրոցի աշակերտները երկու շաբաթ առաջ ուղերձ էին հղել Բարաք Օբամային` խնդրելով հեռացնել Սիրիայից մարդասպան վարձկաններին եւ դադարեցնել միջամտությունը Սիրիայի ներքին գործերին: Եվ ահա հոկտեմբերի 1-ին նրանք ստացան յուրահատուկ ամերիկյան պատասխանը` ամերիկյան օդային հարվածների շնորհիվ ամբողջովին ավերվեց այդ դպրոցը, եւ զոհվեցին 49 դպրոցականներ: Դե ինչ, ապրում ենք լրիվ խելագարված աշխարհում` խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը պատերազմի հանցագործությունների կազմակերպիչ է: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, առաջարկում ենք խաղաղության Նոբելյան մրցանակներ շնորհել նաեւ Էնվերին ու Թալեաթին, որպեսզի պարզ դառնա, որ դա հենց դահիճներին հասնող կոչում է:
Իսկ մեր արեւմտամոլները փչացած ձայնապնակի պես հա շարունակում են իրենց հեքիաթները, թե Եվրասիական միության պայմաններում Արցախը մեր երկրից անջատվելու է մաքսակետով: Բայց նրանցից մեկը` քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ այդ հարցում զարմանալիորեն հասավ երեւակայության, բառիս բուն իմաստով, աներեւակայելի թռիչքի. ՙՌուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա, Լաչինում զորքեր տեղավորելու: Այո, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում՚: Թե ինչու պետք է ռուսը զորքերը տանի հենց Լաչին, այլ ոչ թե, ասենք, բոլոր առումներով շատ ավելի հարմար Հորադիզ, երեւի թե, պետք է հարցնել հենց այդ քաղաքագետից: Թե չէ, եթե այդպիսի հարց տաս որեւէ ռազմական փորձագետի, ապա ստիպված կլինես այդ փորձագետին դրանից մի քանի ժամ հետո ուղարկել ուղիղ հոգեբուժական հաստատություն, քանզի նրա ուղեղը հիմնովին կկախվի: Դե ինչ, իզուր է Աղասի Ենոքյանը ընտրել քաղաքագետի մասնագիտություն: Ախր, ինչ հրաշալի գրող-ֆանտաստ նրանից կստացվեր:
Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մի այնպիսի զարմանալի գյուտ է արել, որ անհապաղ պետք է աշխարհի բոլոր բառարաններում փոխել հայրենիք բառի սահմանումը. ՙՀայրենիք ունենալու իրավունքը բոլորին չի տրված, այն պետք է վաստակել, եւ այդ վաստակի մեջ կան միայն նրանք, որոնց արյունն է թափվել մեր հողի վրա՚: Դե ինչ, պարզվում է, որ Հայաստանը ոչ թե բոլոր հայերի հայրենիքն է, այլ միայն այն մարտիկներինը, ովքեր զոհվել կամ վիրավորվել են պատերազմական գործողությունների ընթացքում, որ նույնիսկ դա չի տարածվում այն մարտիկների վրա, ովքեր կարողացել են անվնաս անցնել պատերազմի բոհով եւ ողջ-առողջ վերադառնալ տուն: Հետաքրքիր է, իսկ կարելի± է Հայաստանը համարել, ասենք, Կոմիտասի, Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Շիրազի, Ֆրունզիկ Մկրտչյանի ու հայոց այլ մեծերի հայրենիքը: Թույլ տալի±ս եք, պարոն Գեւորգյան:
Ինչեւէ, անցնենք սակայն թեեւ զարմանալի, բայց հույժ դրական երեւույթի: Ահա թե ինչ է գրում դերասանուհի, ասմունքող ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. ՙԱյսօր առավոտյան Էջմիածնում փողոցն անցնելիս նկատեցի, թե ինչպես իմ ավարտած դպրոցի տնօրենը դպրոցի փողոցի կենտրոնում կանգնեցնում է մեքենաները եւ դպրոցականներին օգնում փողոցն անցնել... Հուզվեցի... Տնօրենն այդ բանն անում էր նույն փութաջանությամբ, ինչ 30 տարի առաջ, երբ դեռ նոր էր նշանակվել: Գիտեի, որ ինձ չի հիշի, բայց շտապեցի ողջունել նրան: Բարեւ Ձեզ, ընկեր Մարտիրոսյան... Շնորհակալություն... Զարմացած նայեց դեմքիս` այսքանը միայն կարողացա արտաբերել՚: Հիմա ասացեք խնդրեմ, այդ մեծատառով մարդը, ով 3 տասնամյակ շարունակ համեստորեն իր գործն է անում, եւ այդ 30 տարվա ընթացքում մնացել է նույնը, արդյո±ք առավել արժանավոր չէ, քան հարյուրավոր քաղաքական գործիչները, ովքեր զօր ու գիշեր բարբառում են, իսկ որոշ դեպքերում բարբաջում` տարբեր բարձր արժեքների մասին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

