Ռուսաստանցի ՙզբոսաշրջիկ՚, ՙԵրկնքի քաղաքացիներ՚ կրոնական էքստրեմիստական ուղղության հետեւորդ Մաքսիմ Նիկիտենկոն, որը վերջերս պղծել էր Գառնիի տաճարը, սկսել է աղմկել սոցցանցերում: Վերջինս նշել է, որ Հայաստանն իր վրա մեկ ամսով արգելանք է դրել, անձնագիրը վերցրել ու ինքը ստիպված է մեկ ամիս ապրել միայն ջուր ու թեյ խմելով: Ավելին` իր մեղքերը քավելու ուղի փնտրելու փոխարեն, Մ. Նիկիտենկոն հայտնել է, որ պատրաստվում է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու դատի տալ Հայաստանին: Իրականում, թե ինչ արգելանք է դրվել այս սրբապիղծի վրա, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ. ՙԱյս պահին քննությունը դեռ շարունակվում է, ավելին չեմ կարող ասել: Նա ընդամենը ստորագրություն է տվել` երկրից չհեռանալու մասին՚:
Ինչեւէ, հուսանք, որ աղաղակող փաստերի հիման վրա, իրեն հոգեւոր առաքելություն վերագրող այս անձը արժանի պատիժ կստանա ու հենց հայաստանյան բանտերից մեկում էլ կապաշխարի իր մեղքերի համար: