ՙՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵՍ ՉԳԻՏԵԻ, ՈՐ ՍԽՈԴԿԱՆԵՐԻ ԷԼ ԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ՚
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ դիմեց կառավարությանը` կարդալով իր կողմից հորինված, թե իրական ԹԱԿԱՐԴ մականունով ինչ-որ գողականի նամակը:
Ավելին` վերջինս որոշ գողական ՙսխոդկաներից՚ մեջբերումներ սկսեց անել: ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանի համար ամբիոն կանչելով ՀՀ վարչապետին` նշեց. ՙԵրանի, ես պատասխանեի այս հարցին՚: Մոտենալով ամբիոնին` ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հավելեց. ՙՏիկին Փոստանջյան, ես գիտեի, որ Դուք պատգամավոր եք, փաստաբան եք, բայց չգիտեի, որ սխոդկաների էլ եք մասնակցում՚: Ելույթի առիթից օգտվելով էլ, վարչապետը հիշեցրեց որոշ պատգամավորների պահվածքի մասին, որոնք հանրահավաքների ժամանակ հայհոյում են ժողովրդին ու երկրի ղեկավարին` դա որակելով պատգամավորի լկտի պահվածք (հիշեցնենք, որ իր հայհոյանքներով վերջերս աչքի էր ընկել ԱԺ ՀԱԿ խմբակցության կիրթ, բայց քֆուրչի պատգամավոր Արամ Մանուկյանը): Ի դեպ, մինչ ՀՀ վարչապետը կպատասխաներ Զ.Փոստանջյանի հարցին, վերջինս խոսափողի առջեւ կանգնած ՙխաղում էր՚ հեռախոսով, ինչին միջամտեց ԱԺ նախագահը` ասելով. ՙՉի կարելի, անհարմար է, այդ հեռախոսը պահեք՚: Ի վերջո, անցնելով հաջորդ հարցին` ԱԺ նիստը ղեկավարող Գ. Սահակյանը նկատեց. ՙԻնձ թվում է` բժիշկ է պետք կանչել՚: