ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ «ԵՌՅԱԿԻՆ». «ՀՐԵՇԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԻՆՔՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՀՐԵՇԻ»
Արխիվ 12-16ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ «ԵՌՅԱԿԻՆ». «ՀՐԵՇԻՆ ՍՊԱՆՈՂՆ ԻՆՔՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ ՀՐԵՇԻ»
«Իրավունքը» սեպտեմբերի 29-ի հրապարակման մեջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի համատեղ հանրահավաքի առնչությամբ եւ խոստացել հարցազրույցի շարունակությունը ներկայացնել առաջիկայում:
-Պրն Մինասյան, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը վերջերս հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թ-ի գարնանը: Ողջամի՞տ է այս ժամկետը՝ ըստ Ձեզ:
-Ես չգիտեմ՝ ով է որոշել, որ սահմանադրական բարեփոխումները լինելու են 2016 թ-ին: Հանձնաժողովը նման որոշման իրավասություն չունի: Միգուցե Գեւորգ Դանիելյանն իր անձնական տեսակետն է հայտնել: Իմ կարծիքով՝ դա պետք է լինի ոչ ուշ, քան 2016-ի կեսերը, որպեսզի ժամանակ հատկացվի օրենքների ընդունման, ընթացակարգերի սահմանման, հասարակությանը պատշաճ կերպով իրազեկվի սահմանադրության փոփոխման իրականացման մեխանիզմների մասին: Հակառակ դեպքում կլինի այնպես, որ մենք հապճեպորեն կանենք մի բան, որից հասարակությունը տեղյակ չի լինի: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւորելով հանդերձ՝ ամեն փոփոխություն չէ, որին պետք է «այո» ասել: Եթե փոփոխությունները համակարգային չեն լինելու, անիմաստ է դրանք անել: Այդ դեպքում մենք էլ կարող է հանդես գանք սահմանադրական բարեփոխումներին դեմ: Մի համեմատություն անեմ՝սահմանադրական բարեփոխումները նման են «Զապորոժեց» մեքենային: Եթե «Զապորոժեցի» վարորդին Շումախերով փոխարինենք, «Զապորոժեցը» կմնա «Զապորոժեց»: Մենք առաջարկում ենք մեքենան փոխել եւ մեքենային համապատասխան կառավարողներ առաջարկել: Տրակտորիստ Վասիլը չի կարող, օրինակ, BMW նստել, եթե այն վարել չգիտի:
-Բացի այն, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգությունը» դեմ են սահմանադրական բարեփոխումներին, սոցցանցերում եւս ակտիվ քարոզչություն է տարվում սահմանադրական բարեփոխումների դեմ, մասնավորապես, ստեղծվել է «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» ֆեյսբուքյան խումբը, որտեղ ասվում է՝ սահմանադրական բարեփոխումներն իշխանության վերարտադրման համար են արվում: Մտավախություն չունե՞ք, որ նման քարոզչության դեպքում հասարակությունը կասի «ոչ» սահմանադրական հանրաքվեին:
-Ես այլ մտավախություն ունեմ: Ցավում եմ, որ «ոչ» ասողների հսկայական հատվածը «ոչ» է ասում ոչ թե սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, այլ այսօրվա իշխանություններին: Դեմ է ոչ այնքան էությանը, որքան ձեւին, որը վատ է: Եթե դու դեմ ես սահմանադրական բարեփոխումներին, հստակ պետք է պատկերացնես «դեմ»-ի բոլոր հետեւանքները: Եթե դ կողմ ես, ապա ի՞նչ բովանդակությամբ ես կողմ:
-Պրն Մինասյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կանգ է առել կառավարման խորհրդարանական համակարգի ընտրության վրա: Ձեր կարծիքով՝ կառավարման համակարգի փոփոխություն հնարավո՞ր է Հայաստանում:
-Իհարկե, հնարավոր է, եթե դադարեն դեմագոգիկ հայտարարությունները: Այն , ինչ ասվում է հիմա, ասվում է ատելություն ու թշնամանք սերմանելու համար: Մենք դրա պտուղները քաղել ենք հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի տեսքով: Երկիրը, իրար հայհոյելով, ատելություն ու թշնամանք տարածելով, առաջ չի գնա:
-Քանի որ հայհոյանքի մասին խոսեցիք, փաստորեն կարելի՞ է ենթադրել, որ Աբովյանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած հայհոյանքն անընդունելի եք համարում:
-Այո, այդ մոտեցումով հնարավոր չէ զարգացման քաղաքականություն տանել: Այդ մոտեցումը նշանակում է իջնել փողոցի մակարդակի, տանել տղայական խոսակցություն, որը քաղաքականություն չպետք է դառնա:
-Ի՞նչ տպավորություն ստացաք «Եռյակի» մարզային հանրահավաքներից:
-Չեմ ուզում բացասական գնահատական տալ: Հասարակությունն ունի դժգոհության իր չափաբաժինը եւ այն արտահայտում է: Ինձ համար հարց է առաջացնում հետեւյալը. ինչու են դեմ սահմանադրական բարեփոխումներին, եթե չկա դրանց ուղղվածությունը եւ ձեւակերպումները: Չեմ ուզում անուններ տալ, բայց «Եռյակի» որոշ ելույթներ ոչ թե միտված էին երկրում դրական փոփոխություններ անելուն, այլ սեփական թեկնածուին նախագահ տեսնելուն, որը նշանակում է՝ ելույթ ունեցողները ցանկանում են անձնափոխություն, ոչ թե համակարգային փոփոխություններ: Բազմիցս ենք ասել՝ նախագահի աթոռը քաղցր է, եւ ով նստեց դրա վրա, չի ցանկանա հրաժարվել դրա քաղցրությունից: Ոչ մի երաշխիք չկա, որ այն ուժերը, որոնք ասում են՝նստեք նախագահի աթոռին, նոր անենք սահմանադրական փոփոխություններ, որեւէ երաշխիք չկա, որ դրանք կարվեն: Միջազգային փորձն ապացուցել է՝ հրեշին սպանողն ինքն է վերածվում հրեշի, որովհետեւ նա նստած է մեծ հարստության վրա:
Սոնա Դավթյան

