Ինչքան ծեծել են, այնքանն էլ պետք է պատժվեն
Արխիվ 12-16
Ինչքան ծեծել են, այնքանն էլ պետք է պատժվեն
«Ոստիկանությունում, այո, դրական փոփոխություններ շատ են եղել, բայց գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ դեռ կան և դրանցից մեկը նա է, որ դեռ տեղ ունի բռնությունը ոստիկանության առանձին բաժիններում»,- Ազգային Ժողովում 2013թ-ի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
«Մեր առաջարկությունը շատ կոնկրետ և պարզ էր` տեղադրել տեսաձայնագրող սարքավորումներ համապատասխան ոստիկանության բաժիններում… բայց ի պատասխան մեր այս առաջարկի ընդամենը դրվել են տեսախցիկներ, որոնք օնլայն ռեժիմով ցույց են տալիս անցուդարձը: Բայց այն խցերում, որտեղ կարող են ապտակել, ծեծել չկա տեսախցիկը, ձայնագրող սարքը, որը հետագայում կօգնի, որպեսզի մարդիկ իրենց ավելի պաշտպանված զգան»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ Կ.Անդրեասյանը նշեց, որ 2014թ-ին 2013թ-ի համեմատ բռնության դեպքերը ոստիկանության համակարգում էապես նվազել են, դա գուցե պայմանավորված է ՄԻՊ արագ արձագանքման խմբի գործունեությամբ, ոստիկանապետի հետ համագործակցությունից, բայց նույն խնդրին անդրադառնալով դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի անի իր գործը:
«365 դեպքով եղել է բողոք, որ ոստիկանությունում ծեծում են մարդկանց, ճնշում են գործադրում և զարմանալի է բայց ընդամենը 12 դեպքով է գործ հարուցվել: Մաթեմատիկական հաշվարկը կարող է ցույց տալ, թե ինչ զավեշտալի թիվ է»,- թվարկեց նա ու ավելացրեց, որ իր նպատակը կամ ցանկությունը չէ ոստիկաններին քննադատել, այլ ընդամենը ցանկություն է, որ եթե այդ թիվը մոտենա իրականությանը` ինչքան ծեծել են, այնքանն էլ պատժվել են, ապա այդ հանգամանքն անշուշտ կանխարգելիչ դեր կունենա:

