ՀՀ վարչապետը «քառյակին». «Ի՞ՆՉ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԻ ՄԵԿ ԵՔ ՈՒԶՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետը «քառյակին». «Ի՞ՆՉ Է ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԻ
ՄԵԿ ԵՔ ՈՒԶՈՒՄ»
Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ որոշեցին իրենց հարցերով հոխորտալ ԱԺ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորները` նախ Մարտուն Գրիգորյանն, ապա Վահան Բաբայանը, մասնավորապես շահարկելով «Շրջանառության հարկի մասին օրենքն» ու մարդկանց դժգոհությունները: Ավելին` վերջին բարեփոխումները Վ. Բաբայանը որակեց որպես «չարեփոխություն»: Այս կարգի ելույթներից հետո ի պատասխան ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշեց. «Պարոն Բաբայան, ընդհանրապես ինձ համար Ձեր կեցվածքը անհասկանալի է` Ձեր եւ պարոն Գրիգորյանի «ուլտիմատումով» խոսելը: Ես չգիտեմ այդ խոսալու ոճը Դուք դրսի՞ց եք բերել դահլիճ: Այն ժամանակ, որ ես աշխատում էի Ազգային ժողովում այդպիսի ոճ չկար»: Ապա հավելեց. «Մեզ քննադատում են, ասում են՝ չգիտե՞ք ովքեր են ստվերում: Այո՛, գիտենք, եւ սա մեկ քայլ է, որ փակենք այդ ճանապարհը: Մենք չենք գնում նրանց ստուգենք, մենք գնալու ենք խոշորների մոտ, ովքեր ՓՄՁ-ին ապրանք են բաց թողնում: Սկսելու ենք խոշորներից, մեր նոր կառավարությունը նման ցանկություն չունի: Չգիտեմ, ում մտահղացումն է, որ ասում են՝ մենք գնալու ենք, թուրը քաշենք, ճնշենք: Ո՛չ, նման բան չի լինելու»: Վերջում էլ նկատեց. «Ձեր սուտ ինֆորմացիաները, որ տալիս եք մամուլում կամ ֆեյսբուքում եք գրում… երիտասարդ եք, չի՛ կարելի: Մի ճամբար եք ընտրել, թե իբր մտածում եք ժողովրդի մասին: Խոսքս նաեւ ուղղում եմ քառյակին: Կառավարությունը փաթեթ է բերում ԱԺ ՓՄՁ բեռը թեթեւացնելու մասին, զանգում եմ ԱԺ նախագահին, ասում եմ, որ ուզում ենք ԱԺ խմբակցությունների հետ քննարկել հարցը: Զանգում է Աժ նախագահն ու ասում, որ մարդիկ հրաժարվում են քննարկումից: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի՞, հեղափոխություն լինի՞, չի լինի դա: Ի՞նչ է, երկրորդ Մարտի մեկ եք ուզում, ձեր ուզածն ի՞նչ է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում, ձեր նպատակը ո՞րն է: Եկեք միասին աշխատենք, միգուցե շատ խելոք գաղափարներ լինեն, կարող է մեկ ամսում էս երկիրը ուղղեք»:
Իսկ երբ նիստն ավարտվեց դեռ դահլիճում Հ. Աբրահամյանն ընկերաբար հորդորեց. «Արա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

