«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՁԳՎԻ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արխիվ 12-16«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ
ՁԳՎԻ». ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից այսօր «Իրավունքը» փորձեց մի հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Վերջինս, սակայն, ասաց, որ հարցին կպատասխանի իր ելույթից հետո: Մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչներ, որոնք եւս հարցեր ունեին պրն Ջաղինյանին, եւ հիշեցրին, որ ամեն անգամ ելույթից հետո նրան այլեւս տեսնել հնարավոր չէ: Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահն էլ զգալով, որ լրագրողները չեն հեռանա մինչեւ իրենց հարցերի պատասխանը չստանան, խորհուրդ տվեց հարցերն ուղղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:
- Տիկին Գրիգորյան, Հանրային հեռուստաընկերությունն ի՞նչ սկզբունքով է որոշում՝ԱԺ-ում ո՞ր պատգամավորի ելույթը հեռուստադիտողին ներկայացնել, որը՝ ոչ: Կարծիք կա, որ որոշ պատգամավորներ ստվերում են մնում:
-Հանրային հեռուստաընկերությունը տոկոսային հարաբերությամբ ցույց է տալիս հնարավորինս բոլոր պատգամավորներին: «Խորհրդարանական ժամ» ծրագրի շրջանակներում համամասնության սկզբունքը պահելով՝ բոլորի ելույթները հնչեցվում են: Ինչ վերաբերում է հարց ու պատասխանին, ապա եթերն առաձգական չէ…
-Պատգամավորների ելույթների այս կամ այն հատվածը հեռուստադիտողին ներկայացնելը որոշում եք Դո՞ւք:
-Մենք չենք որոշում: Որոշում են քաղաքական հաղորդումները պատրաստող լրագրողները: Այնպես ինչպես Դուք որոշում եք՝ ում հետ ինչ խոսեք եւ ինչպես գրել: Ամեն շաբաթ մենք փորձում ենք ճիշտ չափաբաժնով բոլորին եթեր տալ…
-Այսինքն՝ ոչ մի պատգամավոր ստվերում չի՞ մնում:
-Ոչ: …Բայց դե Հանրային հեռուստաընկերության նկատմամբ միշտ անողոք են, եւ դա, երեւի, ճիշտ է: Ոչինչ, մենք պետք է ավելի ձգվենք:
Սոնա Դավթյան

