«ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ, ԿԱՐԾԵՍ, ՏԱՐԻՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊՈՌԹԿՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՎՍ ՄԻ ՊՈՌԹԿՈՒՄ»
Արխիվ 12-16«ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ, ԿԱՐԾԵՍ, ՏԱՐԻՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊՈՌԹԿՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՎՍ ՄԻ ՊՈՌԹԿՈՒՄ»
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնում հնչեցրած ելույթին, մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մերժող Թուրքիային «գրողի ծոցն» ուղարկելուն, նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իսկապես, բարձր ամբիոններից արդեն անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ռադիկալ արտահայտություններ անի եւ ավելի կոշտացնի մեր երկրի դիրքորոշումները: Վերջին տարիներին փորձեր են կատարվել` նորմալ հարաբերություններ կառուցել հարեւան երկրի հետ, բայց ստացվել է այն, ինչ ստացվել է: Եվ նախագահի ելույթը, կարծես, տարիների կուտակված պոռթկումն էր»: Ապա հավելեց. «Պարոն նախագահին կոչ կանեի, որ նման մի կոշտ մոտեցում էլ ցուցաբերեր նաեւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերին, մասնավորապես` սոցիալական կնճռոտ խնդիրների, կառավարության պասիվ, հաճախ անծրագիր գործունեությանը, փոքր եւ միջին բիզնեսի, վարչական իրավախախտումների հետ կապված, քաղաքացիներին տարբեր քաշքշուկների մեջ ներքաշելով եւ այլն: Այսօր մենք խորհրդարանում փորձում ենք աջակցել բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը, բայց ոչ պակաս կարեւորը` կառավարությունից չենք ստանում աջակցություն: Երեկ էլ տապալվեց մեր նախաձեռնած արտահերթ նիստը, որը մենք հրավիրել էինք` լուծելու ԴԱՀԿ-ի կողմից` առանց դատարանի որոշման, քաղաքացիների գույքի եւ հաշիվների վրա կալանք դնելու խնդրին: Օրինակ` ի՞նչ է նշանակում, որ քաղաքացին պետք է, ենթադրենք, արագությունը գերազանցելու համար օրենքով սահմանված կարգով տուգանվել է, բայց պատշաճ կարգով չի տեղեկացվել, ու դրա արդյունքում ԴԱՀԿ-ը միանգամից տուգանքներով մեծ գումարներ է գանձում քաղաքացուց, եւ նա հնարավորություն չունի դիմել դատարան, ներկայացնել այն իրական վիճակը, ինչը տեղի է ունեցել: Փոքր եւ միջին բիզնեսի հետ կապված. ի՞նչ է նշանակում, հայտարարել, որ խոշոր բիզնեսին լիարժեք հարկային դաշտ բերելու համար որպես գործիք օգտագործել փոքր ու միջին տնտեսվարողներին: Սա խիստ անընդունելի մոտեցում է, եւ ես կհորդորեի, որ Սերժ Սարգսյանը այդպիսի մի կոշտ արտահայտությամբ էլ դիմեր կառավարությանը` ավելի մեծ ուշադրություն դարձնել` նշածս սոցիալական խնդիրներին լուծում տալու համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ տիկին Բիշարյանը դեմ է քվեարկել «Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին, վերջինս չցանկացավ անդրադառնալ, նշելով, որ սխալմամբ է «դեմ» քվեարկել, ու դա եղել է զուտ տեխնիկական խնդիր: Նշենք, որ ի զարմանս մեզ, հավանաբար նույն պատճառաբանմամբ պատահական «դեմ» կամ «ձեռնպահ» էին քվեարկել նաեւ մյուս ՕԵԿ-ականները:

