ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Արդեն երկու օր է, ինչ ընդդիմադիր կամ չիշխանական խմբակցությունները փորձում են Ազգային ժողովում գումարել արտահերթ նիստ, սակայն ապարդյուն: ԱԺ քառօրյայի առաջին օրը ՕԵԿ-ին, իսկ երեկ ոչ իշխանական «քառյակին», այդպես էլ չհաջողվեց քվորում ապահովել: Ավելին` այս հարցում անգամ ՕԵԿ-ն է «եռյակին» աջակցում կամ` հակառակը, բայց, միեւնույնն է, գործը գլուխ չի գալիս: Ի դեպ, այն տապալվում է նաեւ հենց իրենց պատճառով, քանի որ նիստը գումարելու համար գրանցվելու ժամանակ կարելի է տեսնել հենց արտահերթի մասին բղավող խմբակցությունների դատարկ աթոռները: Անգամ իրավիճակը չփրկեց վերջին վայրկյանին իրեն դահլիճ նետած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քվեարկությունը: Ի՞նչ է ստացվում, որ առավոտյան մեր պատգամավորները հանրության աչքին «լավ տղա են» խաղում, իսկ երեկոյան շտապում են տո՞ւն` մոռանալով արտահերթի մասին: Ինչեւէ, երբեք ոչ իշխանական ուժերի համար այդքան ցանկալի չեն եղել ՀՀԿ-ականները, որքան երեկ, քանի որ գոնե մի քանիսի ներկայությունը կարող էր փրկել իրավիճակը: ՉԷ՞ որ ոչ իշխանական ուժերով քվորումը վերածվում է «չվորումի»:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան 66 պատգամավորի ներկայություն, որպեսզի քվորում լինի, մինչդեռ երեկ գրանցվել էին ընդամենը 37-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

