ՀԱՅԵՐՆ ԷԼ ԱՆՄԱՍՆ ՉԵՆ «ՀԱՅ ՖԵՍՏԻՑ»
Արխիվ 12-16ՀԱՅԵՐՆ ԷԼ ԱՆՄԱՍՆ ՉԵՆ «ՀԱՅ ՖԵՍՏԻՑ»
Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Հայ Ֆեստ 2014» միջազգային ամենամյա թատերական փառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 8-ը` «Թատերական իրարանցում» խորագրով: Բացումը կազդարարի հունգարական աշխարհահռչակ «Լիվինգ փիքչըրս» թատրոնը` «Կենդանի մակերես» ներկայացում-մուլտիմեդիայով: «Այն վիզուալ թատրոն է, որտեղ մի քանի վիդեոպրոեկտորներով կստանան պատկերներ, իսկ դերասանները պառկած են լուսավոր գորգի տակ, իրենք շարժվում են, ու ստացվում է կենդանի շնչողմակերես` տիեզերական պատկերներ, հող, ջուր, ծով... Այն լավ ներկայացում է բացման համար, որտեղ չկա տեքստ: Ի դեպ, մի քանի անակնկալներ ենք պատրաստել հանդիսատեսի համար մինչեւ ներկայացումը, թատրոնի ճեմասրահում, կապված «Փառատոնային իրարանցման» հետ, բայց այդ մասին արդեն երեկոյան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Ի դեպ այս տարի հայկական թատերախմբերն ավելի շատ են մասնակցում փառատոնին, այդ կապակցությամբ փառատոնի նախագահը նշեց. «Եթե միջազգային ծրագիրը կախում ունի տարբեր գործոններից եւ մենք ասում ենք ես գնացի ընտրեցի, եթե լավը չի լինում ասում են ուրեմն ավելի լավն ընտրեիր, ապա հայկական ծրագիրը պիտի ընտրես եղածից»,- ասում է Ա. Ղուկասյանն ու հավելում , որ այս տարի փառատոնի շրջանակներում ունեն ուսանողական ծրագիր որտեղ էլ հենց հայկական ծրագիրն առատ է. «Երիտասարդական այդ ներկայացումները եթե ուսանողական ներկայացումներ չլինեին ես հանգիստ իրենց կընդգրկեի հիմնական ծրագրում: Իսկ հիմա նրանք ընդգրկված են «Հայ Ֆեստի» «Արմս Ֆետս» ծրագրում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

