«ԵՌՅԱԿԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԼԱՎԱՄԱՐԴ ԼԻՆԵՐ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Արխիվ 12-16«ԵՌՅԱԿԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԼԱՎԱՄԱՐԴ ԼԻՆԵՐ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱԺ-ը շարունակում է քառօրյայի իր աշխատանքները: Գրանցվել են 108 պատգամավոր,քվորումն ապահովված է, խորհրդարանը սկսում է իր աշխատանքը: Բաց դռների շրջանակներում հյուրընկալվել էին Հյուսիսային համալսարանի դասախոսներ ու ուսանողներ, որոնց ծափերով ողջունեցին պատգամավորները: ԱԺ-ն այսօր քվեարկության դրեց երեկ քննարկված օրինագծերը: Սակայն վարման կարգով հանդես եկող գրեթե բոլոր պատգամավորների ելույթները վերաբերում էին առեւտրականների դժգոհությանը՝ շրջանառության հարկի նվազեցման հետ կապված:
ԲՀԿ ու ՀԱԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Արամ Մանուկյանը դիմեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ խորհրդակցություն հրավիրելու համար: «Գյումրիում մեծ հանրահավաք է: Կարծում եմ՝ հարցը չպետք է քաղաքականացնենք ու կուսակցականացնենք»,- ասաց Միքայել Մելքումյանը, իսկ Արամ Մանուկյանն էլ հավելեց, եթե խորհրդակցությունը չլինի, ստորագրահավաք պետք է կազմակերպենք. «Ցանկալի կլինի, եթե խորհրդակցությանը ներկա լինի նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ԱԺ ոչ իշխանական ուժերին հիշեցրեց, որ ՀՀԿ-ը նախաձեռնել էր հարցի քննարկում, սակայն ոչ իշխանական ուժերը դրան չմասնակցեցին: «Հիմա ինչ պատահեց որ դուք եք առաջարկում խորհրդակցություն, Լավամա՞րդ եք ուզում լինենք»,- հռետորական հարց հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդառաջեց «Եռյակի» խնդրանքին եւ հայտարարեց, որ այսօր ժամը 13: 30-ին կլինի խորհրդակցություն:
Սոնա Դավթյան

