«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է ԸՆՏՐՎԱԾ».ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Արխիվ 12-16«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է
ԸՆՏՐՎԱԾ».ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությունն այս տարի քննարկվեց հանձնաժողովներում: Քննարկմանը, սակայն պասիվ էին ընդդիմադիրներն ու այլընտրանքային համարվող ԲՀԿ-ը: Իրավունքն արդեն ներկայացրել է ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Իսկ ՀՅԴ-ի կարծիքը պարզելու համար «Իրավունքը» զրուցեց դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մեր խմբակցության ներկայացուցիչը ես եմ, բայց մեկնել էի գործուղման: Իսկ թե ինչու էին մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ, դժվարանում եմ ասել, բայց ցանկալի է, որ ակտիվ լինեն»,- ասաց Ա. Մինասյանը:
-Պրն Մինասյան, հոկտեմբերի տասին կայանալիք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ՀՅԴ-ը չի մասնակցում հանրահավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումների հարցի ընդգրկման պատճառով, բայց եթե հաշվի առնենք, որ «Քառյակի» 12 կետերի մասին եւս խոսվելու է հանրահավաքում, արդյոք դա հաշվի առնելով՝ չէր կարելի մասնակցել հանրահավաքին:
- Ո՞նց եք պատկերացնում՝մենք մասնակցենք մի հանրահավաքի, որտեղ քննադատություն է հնչում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին եւ չպատասխանե՞նք: Իսկ եթե պատասխանենք, դա արդեն հանրահավաք չի լինի, այլ կոնֆերանս: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա դրանց մասով պայմանավորվածությունը հետեւյալն է՝ «Քառյակը» 12 կետերի միասնական ամփոփոում պետք է տա: Այն կետերի շուրջ, որոնց մասով միասնականություն չի լինի, հանրահավաքում «Քառյակի» անունից այդ կետերի մասին միասնական հայտարարություն չի արվի: Իսկ այն կետերի շուրջ, որոնց մասով կլինի միասնական տեսակետ, հանրահավաքում դրա մասին կասվի:
- Հանրահավաքում Հայաստանի՝ԵՏՄ-ի անդամակցության հարցը քննարկվելո՞ւ է հանրահավաքում:
-Տեղեկություն չունեմ՝ «Եռյակն» ինչ հարցեր է քննարկելու:
- Այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ քննարկվի, հաշվի առնելով, որ հենց այդ օրն է ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:
-Գիտեք, իմ անձնական կարծիքով ամսի տասը հանրահավաք անցկացնելու համար անհաջող օր է: Անկախ նրանից՝կքննարկվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, թե ոչ, բայց հնարավոր է միջազգային շատ լրատվամիջոցներ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, փորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Մենք առաջարկել ենք, որ հանրահավաքն արվի հոկտեմբերի 15-ից հետո, որպեսզի սահմանադրական փոփոխությունների մասին մենք ունենանք մեր տեսակետը: Սա նաեւ հանրահավաքի կազմակերպիչ մյուս ուժերին է վերաբերվում, որպեսզի իրենք կարողանան փաստարկված առարկություններ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին:
Հարցազրույցի շարունակությունն ընթեցրեք առաջիկայում iravunk.com կայքում:
Սոնա Դավթյան

