25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Արխիվ 12-1625 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱԿ-Ը ՍԻՄ-Ի
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ներկայացրեց <<Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> օրինագիծը, որի հիմքում դրված է օրենքի 28.1 հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Հոդվածը նախատեսում էր անցկացնել աուդիտ այն կուսակցություններում, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը. <<Այն կուսակցությունները, որոնք հնարավորություն չունեն աուդիտ անցկացնելու համար, հայտնվում են դժվար վիճակում: Եթե կուսակցությունը ստացել է տարեկան մեծ դրամական միջոցներ, եւ ակտիվների փոփոխությունը գերազանցում է օրենքով սահմանված շեմը, այդ դեպքում կուսակցությունը պարտավոր է աուդիտ իրականացնել եւ դրա հետ մեկտեղ ներկայացնել իր տարեկան պարտադիր հաշվետվությունը: Այս օրենքը բխում է բազմակուսակցության համակարգի զարգացման միտումից, բխում է մեր սահմանդրական ուղղություններից, ժողովրդավարական հիմնասկզբունքներից եւ այն կբերի բազմակուսակցական համակարգի էլ ավելի զարգացմանն ու գործունեության բարելավմանը>>:
Հ. Բաբուխանյանի ելույթից հետո հարակից զեկուցող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով դահլիճին ասաց, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել այս նախաձեռնությանը. <<Ուստի կխնդրեի կողմ քվեարկել>>: Իսկ հարց տալու համար հերթագրված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս ողջունեց նախագիծը եւ ընդամենը մի փոքր ճշտումից հետո ասաց, որ կողմ են քվեարկելու այս օրինագծին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայկ Բաբուխանյանը կատարել է մեծ ծավալի աշխատանք, ուսումնասիրել է արտասահմանյան փորձը եւ օրենքը դրական փոփոխություն կմտցնի Հայաստանի քաղաքական համակարգում:
Ի դեպ նշենք, որ 25 տարվա մեջ սա առաջին նախադեպն էր, որ ՀԱԿ-ը, այսինքն ՀՀՇ-ն, դրական վերաբերմունք ցուցաբերեց ՍԻՄ կուսակցության նախաձեռնությանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

