ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՍ ԵՄ ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ» ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՍ ԵՄ ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ» ՓԱՌԱՏՈՆԸ
Ավարտվեց «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը տեւել է շուրջ երկու ամիս, որի մասնակից երեխաները, որոնք ներկայացնում էին ՀՀ մարզերը` մասնակցելով «Ես եմ Սասնա ծուռը» հանրապետական մրցույթին , նկարներով եւ էպոսից ընտրված հատվածներով ցույց են տվել «Սասնա ծռեր» էպոսի իրենց պատկերացումները: Ի շնորհիվ փառատոնի մասնակից պատանիների եւ աղջիկների` Գյումրու Հաղթանակի զբոսայգու Քանդակների պուրակը վերածվել էր Սասնա փոքրիկ տան, որտեղ դրվագ առ դրված պատկերված էին էպոսի բոլոր գործողությունները: Մարզերում հաղթած մասնակիցները (12-14 տարեկան) 3 օր մնացել են վրանային ճամբարում եւ մասնակցել էպոսին նվիրված դասախոսություններին , տարբեր ժաներերի նվիրված վարպետության դասերի: Հավաք ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր:
ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով`«Սասնա ծռեր» էպոսը կենդանի է հայ ժողովրդի մեջ, այն անսպառ աղբյուր է նաեւ ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար.«Մենք ունենք ավանդական էպոսի փառատոն, որն անցկացվում է արդեն 6-րդ տարին, այս տարի որոշեցինք այդ փառատոնն անցկացնել երկու ձեւաչափով`ավանդական էպոսի պահպանություն եւ էպոսը ժամանակակից ավեստում երեխաների պատկերացմամբ: Փառատոնի համար ընտրեցինք «Կաթնաղբյուր» խորագիրը, քանի որ սա այն հիմնական սնող ուժն է, որտեղից սկիզբ առավ մեր էպոսը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` փառատոնի համար ընտրվել է Գյումրին, քանի որ այն համարվում է մշակութային քաղաք: Ե. Մարգարյանը հույս հայտնեց, որ հետագայում փառատոնի ծրագիրը ավելի կկատարելագործվի եւ հնարավորություն կլինի փառատոնի շրջանակները ընդլայնելու.«Մեր նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական ներուժը ու ասպարեզ բերել տաղանդավոր երեխաների»,-շեշտեց տկն. Մարգարյանը:
Փառատոնի ղեկավար եւ համկարգող, քանդակագործ Արթուր Գեւորգյանը փաստեց, որ մինչ այժմ չէին եղել էպոսի ընկալման եւ վերարտադրման տարբերակներ, որը եղավ փառատոնի ընթացքում.«Եթե ցանկանում ենք գտնել էպոս, ազգային ակունք պետք է այդ ամենը փնտրենք գյուղերում: Մեր ակունքները բնական միջավայրում բավականին լավ պահպանվել են: Հաջորդ տարի «Սասնա ծռեր» թեմայով ու այլ ձեւաչափով կանցկացնենք փառատոնը: Մենք նպատակ ունենք ստեղծել քանդակագործության սիմպոզիումը «Սասնա ծռերի» հետ»,- ընդգծեց ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԱՅՆԸ, ով երեք օր շարունակ վրանային ճամբարում եղել է երեխաների կողքին: Նրա խոսքով` փառատոնի ընթացքում հումորի քաղաքում հումորն ու կատակը անսպառ է եղել.«Այս փառատոնում մենք հաղթողներ չունենք, մասնակիցները արդեն իսկ հաղթել են այստեղ գալով: Երեխաների մեջ պետք չէ առաջին եւ երկրորդ տեղեր սերմանելով ստեղծել հոգեբանական բարդ իրավիճակներ: Սա սպորտ չէ, պետք չէ մշակույթը վերածել սպորտի»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:
Եւս մեկ փառատոն, որն արդեն կայացած իրողություն է, փառատոն , որի նպատակն է հայ մանուկներին ցույց տալ իրենց ակունքները եւ սովորեցնել հավատարիմ մնալ իրենց արմատներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

