ՄԵ ԾԻԾԱՂ, ՄԵ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ. ԱԺ-ՈՒՄ ՔԱՌՕՐՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16Մ՛Ե ԾԻԾԱՂ, Մ՛Ե ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ. ԱԺ-ՈՒՄ ՔԱՌՕՐՅԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱԺ-ում հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը շարունակվում է, ընդ որում բավական աշխույժ ու բուռն: Աշխուժություն առաջացավ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Էլինար Վարդանյանի, Վահան Բաբայանի «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քվեարկման ժամանակ: Տեխնիկական անսարքության պատճառով օրինագծին կողմ քվեարկեցին 47 պատգամավոր, 42-ը՝ դեմ, այն դեպքում, երբ մի քանի պատգամավորի, այդ թվում ԲՀԿ-ից երկու եւ ՀՀԿ-ից վեց պատգամավորների քվեարկության կոճակը չէր աշխատում: Քվեարկության արդյունքներն ուրախացրին ԲՀԿ պատգամավորներին, ովքեր անգամ ծափահարեցին: Դա առաջացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի զարմանքն ու զայրույթը: «Էդ ծափերն ո՞րն են, ինչ եք ծափ տալիս, եթե նման բաներից ուրախանում եք, հաճախ կանենք նման բաներ, ընդամենը անսարքություն է»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքից հետո կրկնակի քվեարկություն սկսվեց, որը հարուցեց ԲՀԿ-ականների զայրույթը: Նրանք պահանջեցին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովից պարզաբանում՝ ԱԺ կանոնակարգում որտե՞ղ է գրված «սխալ քվեարկություն» տերմինը:
Ի պատասխան Շարմազանովը հայտարարեց, որ սխալ քվեարկություն է եղել, այդ թվում նաեւ իրենց կուսակցության անդամների կողմից: Կրկնակի քվեարկությունից հետո ԲՀԿ պատգամավորների օրինագիծը 40 կողմ, 62 դեմ ձայներով չընդունվեց:
Սոնա Դավթյան

