ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ
Արխիվ 12-16ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ
Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ է հանձնել «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշան:
Իր խոսքում Բ. Սահակյանը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների: Անդրադառնալով Պարգեւ սրբազանին` ԼՂՀ նախագահն ասել է. «Նա ականավոր եկեղեցական եւ հասարակական գործիչ է, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը»: Ապա հավելել. «Պարգեւ սրբազանը արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը»:
Նշենք, որ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թ. Սումգայիթ քաղաքում։ 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ 1971թ. ավարտել է Երեւանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երեւանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ՝ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976 թ.: Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետեւ զինծառայության է զորակոչվել սովետական բանակ: 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում: 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան: 1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ.՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգեւ սրբազանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ: 1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգեւ Սրբազանին շնորհվել է արքության պատիվ:
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների ու բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

