ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ ՆԱԽԿԻՆ ԴԱՍԱԽՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ ՆԱԽԿԻՆ ԴԱՍԱԽՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը, ով Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք: «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանից, սակայն վերջինս լսելով հարցադրումը ասաց, որ շատ զբաղված է եւ խորհուրդ տվեց զանգահարել համալսարանի լրատվության բաժին: Նույն կերպ մեզ պատասխանեց համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ Մկրտիչ Ղուկասյանը մասնագիտությամբ կենսաբան է, նախկինում երկար տարիներ դասավանդել է համալսարանում: Իսկ այժմ լինելով կենսաթոշակային տարիքի՝ չէր դասավանդում:
Վարչությունից մեզ նաեւ փոխանցեցին, որ համալսարանի համար անսպասելի էր Մկրտիչ Ղուկասյանի ձերբակալումը:
Նախկին դասախոսի այս արարքից կարելի՞ է ենթադրել, որ համալսարանում կաշառակերությունը կարծես թե գլուխ է բարձրացրել, բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից հակառակը պնդեցին՝ կաշառակերության դեպքերը հասցվել են նվազագույնի:
Սոնա Դավթյան

