ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»
Արխիվ 12-16ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ
ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ»
«Արևն է ահա աշխարհն արթնացնում` երկնքում թառած,
Եվ ծիծաղում է` ցրտաշունչ ձմռան գործը տապալած»:
Հենց այս տողերով է սկսվում լիտվացի գրող ՔՐԻՍՏԻՅՈՆԱՍ ԴՈՆԵԼԱՅՏԻՍԻ «Տարվա եղանակները» պոեմը, որի հայերեն հրատարակության շնորհանդեսը կայացավ երեկ Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում: Պոեմը ստեղծվել է տասը տարվա ընթացքում` 1765-1775թթ., և հրատարակվել է բանաստեղծի մահվանից հետո` 1818թ.: Հենց «Տարվա եղանակները» պոեմն էր, որ բանաստեղծին մեծ հռչակ բերեց և դասեց 18-րդ դարի համաշխարհային գրականության խոշոր մտածողների շարքին: Դիդակտիկ պոեզիայի ժանրով գրված պոեմը բնութագրվում է ինքնատիպությամբ և ժողովրդականությամբ, ճշմարտացիորեն և բարձր գեղարվեստականությամբ արտացոլում է սոցիալական ու ազգային ճնշման տակ տառապող ժողովրդի կյանքը:
Պոեմի հայերեն թարգմանությունը կատարել է Ֆելիքս Բախչինյանը, ով բացի վերը նշված ստեղծագործությունից, թարգմանել է նաև Մայրոնիսի «Գարնան ձայները», Վիկտոր Բարանովի «Պրիտուլա», Ստանիսլավ Կուլչիցկու «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում» գրքերը:
Գրքի թարգմանությունն ու շնորհանդեսը կատարվեց Ք.Դոնելայտիսի ծննդյան 300-ամյակի առիթով: Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը պատմեց, թե ինչպես մի օր դեսպանատուն է մտել հայ թարգմանիչ Ֆելիքս Բախչյանն ու հայտարարել, որ հայերեն է թարգմանել Դոնելայտիսի ստեղծագործությունը. «Հենց այդ ժամանակ էլ միջոցառում կազմակերպելու միտք առաջացավ և շնորհակալ եմ Մշակույթի նախարարին աջակցության համար»:
2014թ. Լիտվայում հայտարարված է Դոնելայտիսի տարի, շնորհանդեսի ընթացքում ցուցադրված էին նաև ստեղծագործության տարբեր լեզուներով հրատարակված թարգմանությունների առաջին էջերն ու կազմերը: Դոնելայտիսի «Տարվա եղանակները» պոեմը թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով, իսկ այս պահին ստեղծագործությունը թարգմանված է արդեն 14 լեզուներով:
Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված այն 12 երկրների դեսպանները (Իսպանիա, Գերմանիա, Չեխիա, Բելառուս, Շվեդիա, Լեհաստան, Լիտվա, Լատվա, Ուկրաինա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան), որ լեզուներով թարգմանվել է Դոնիլայտիսի ստեղծագործությունը: Նրանք իրենց մայրենի լեզվով «Տարվա եղանակները» պոեմի առաջին` «Գարնան հրճվանքը» գլխից չորսական տող ընթերցեցին:
Դոնիլայտիսը տաղանդավոր և ասելիք ունեցող բանաստեղծ է, սակայն հայ բանաստեղծներից և ոչ մեկի հետ Ֆելիքս Բախչինյանը համեմատել չկարողացավ. «Տարբեր ժամանակաշրջանների գրողներ տարբեր են և բոլորին մեկ հարթության վրա դնել չեմ կարող: Դոնիլայտիսը լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիրն է, իր գործի մեջ վարպետ է, բայց, այնուամենայնիվ, Նարեկացի չէ»:
Դոնելայտիսն ունի առակներ և բանաստեղծական երկու անավարտ շարքեր: Ֆելիքս Բախչինյանը սկսել է թարգմանել առակները, որոնք, սակայն, դեռ ավարտին հասցված չեն. «Առակները վաղուց եմ թարգմանել, որոնք առաջին անգամ 1983թ. , տպագրվել են թերթում, սակայն առանձին գրքի տեսքով տպագրության չեն հանձնվել»:
Այսպիսով, հայ ընթերցողն այսուհետև հնարավորություն ունի իր մայրենի լեզվով բացահայտելու ևս մեկ ճանաչման արժանի գրողի:
ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

