Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին: Թատրոնի դերասանական խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ Արշակ Բուրջալյանի, Վարդան Աճեմյանի, Տիգրան Շամիրխանյանի բեմադրությունները եւ հայ բեմի վարպետներ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Ժասմենի հյուրախաղերը:
Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, ում անունով էլ 1936 թվականին կոչվել է այն: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրիչ ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում խոսելով թատրոնի առօրյայի մասին` փաստեց. ՙԲավականին հագեցած ու ակտիվ են թատրոնի առօրյան ու խաղացանկը: Պատրաստվում ենք հոկտեմբերին 1-շաբաթյա շրջագայությամբ Երեւանում հանդես գալու ՙԼիր արքա՚, ՙՉար ոգին՚, ՙԻրիկնամուտ՚ ներկայացումներով եւ Թումանյանի հեքիաթներով` այդպիսով ընգծելով նաեւ Երեւանի եւ Վանաձորի թատրոնների բարեկամական կապը: Ի դեպ, Թումանյանի հեքիաթների թեմայով բեմադրված ներկայացումն արդեն 6 տարի խաղում ենք, այն 100-ից ավելի անգամ բեմ է բարձրացել: Նոր սերունդը եւս ուզում է Թումանյանի հետ շփվել, Թումանյանի դաստիարակչական հողին, արմատներին կառչած մեծանալ, այդ բարբառային հաճույքը, ամենայն հայոց բանաստեղծի անկեղծությունը զգալ: Աշխատում ենք նաեւ 4 նոր ներկայացումների վրա՚: Բեմադրիչը նաեւ նշեց, որ գոհ են հանդիսատեսից, ավելին` թատրոն-հանդիտատես կապը լրացված է: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հավելեց. ՙՔաղաքում քչանում է ժողովուրդը, բայց փառք Աստծո` տոմսարկղից տոմս վաճառելու խնդիր չունենք: Ներկայացում գալու համար մարդիկ տոմսեր գնում են` անկախ այդչափ առկա սոցիալտնտեսական խնդիրներից: Ոգու սոցիալական վիճակի մասին է պետք մտածել, ոգու սովն է պետք լրացնել, մարդու հոգին է պետք կշտացնել՚: