Ինչպես երեւում է...
Արխիվ 12-16
Ինչպես երեւում է, ՀՀ նախագահի կողմից Թուրքիային գրողի ծոցն ուղարկելը ծանր է նստել այդ երկրի ղեկավար ԷՐԴՈՂԱՆԻ վրա: Քիչ էր, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճը դատարկ է եղել, դրան գումարվեց նաեւ խայտառակությունը հենց Թուրքիայում: Թուրքական ՙՍթար՚ պարբերականը Էրդողանի ելույթը տեղադրել էր թերթի գլխավոր էջում` դատարկ դահլիճի պատկերը փոխարինելով լեփ-լեցուն դահլիճի պատկերով, սակայն այդ մանր զեղծարարությունը միանգամից հայտնաբերվել է թուրք լրագրողների կողմից, եւ արդյունքում Թուրքիայի նախագահը իր իսկ երկրում դարձավ ծաղրի առարկա: Հիշում եք` 2012-ի ԱԺ ընտրություններին շրջանառության մեջ հայտնվել էր ռեփ ոճով սարքած մի տեսահոլովակ, ուր ասվում էր. ՙԲժիշկ, բժիշկ եկ մեր տուն, շատ Սիվիլիթաս է մեր կատուն՚: Այդ տեսահոլովակին լրիվ համապատասխանում էր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ելույթը Աբովյանի հանրահավաքին, ուր նա վերհիշելով բոլորի կողմից մոռացված ՙքառյակի՚ 12 կետերը, հայտարարեց. ՙԱյդ 12+1 կետերը իսկապես արտացոլում են ժողովրդի շահերը, եթե նրանք իրականացվեին, իսկ դրանք ռեալ էին ժամկետների առումով, էական փոփոխություն կլիներ ձեր առօրյա կյանքում, եւ դա նաեւ երկրում կփոխեր քաղաքական մթնոլորտը: Բայց չկա այդ քաղաքական կամքը, որովհետեւ այդ կետերի կատարումը հարվածում է հենց իրենց անձնական շահերին, որովհետեւ քաղաքականությունը եւ գործարարությունը այնքան են սերտաճել իրար հետ, որ մեկը մյուսին լրացնում է, ուռճացնում է, եւ այդ օղակն այնքան ամուր է կառուցվել, որ միայն միասնական ջանքերով եւ ձեր մասնակցությամբ հնարավոր կլինի իսկապես դա ջարդել: Այսօր ընդդիմությունը մեծ հնարավորություն է ստեղծել` երկրում արմատական փոփոխություններ անելու համար, եւ արդեն անիմաստ է վարչապետի, կառավարության հրաժարականը պահանջել, որովհետեւ մենք գիտենք, որ համակարգն է պրոբլեմը՚: Տեսնում եք, Վարդան Սիվիլիթասիչի համար արդեն կառավարություն փոխելն է նույնիսկ մանրուք, եւ նա խոսում է միանգամից ավելի խոշոր փոփոխությունների մասին:
Բայց երեւում է, որ գլխուղեղի սիվիլիթասով նաեւ ՀԱԿ-ում լիքը տառապողներ կան, եւ այնտեղ սկսել են ամբողջովին ապրել մի վիրտուալ իրականությունում: Այսպես, ՀԱԿ անդամ պատմաբան ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով թվում է, թե լուրջ մարդ է, գրում է. ՙիշխանական կողոպուտի ծավալման, իրավազրկության խորացման, աճող ապօրինությունների հետեւանքով ոչ թե աճել է հասարակական դժգոհությունը, այլ դժգոհության մակարդակից վերածվել է վարչախմբի նկատմամբ զզվանքի եւ ատելության: Շատերի մոտ հուսալքության զգացումը սկսել է տեղի տալ չհանդուրժելու, չհամակերպվելու զգացումին: Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այս պահին խաղաղ իշխանափոխության, վարչախմբի հեռացման խնդիրը, ոչ բարդ քաղաքական մեխանիզմների կիրառմամբ, ըստ էության` լուծված կարելի է համարել՚: Դե, եթե Աշոտ Սարգսյանին է հասել տեսիլքների աշխարհով ապրելը, ապա այլեւս զարմանալի չեն ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ բարձրաձայնած տեսիլքները. ՙԱյսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն... Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի, մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին՚:
Այ, որտեղ ռեալ պայքար կա, որը, թերեւս, նաեւ ռեալ արդյունքով ավարտվի, դա ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ է: Արդեն 2 օր է, ինչ Արցախի մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույցեր են անում, դժգոհելով քաղաքային իշխանության այն որոշումից, որ երթուղայինի ուղեվարձը 70 դրամից դառնում է 100 դրամ: Երբ նայում ես այդ ցույցերի կադրերը, ապա երեւում է, որ փոքրիկ Ստեփանակերտում ավելի շատ մարդ է հավաքվում, քան մեր ամբողջ ՙեռյակ-քառյակը՚ կարող է երազել կանչելու հոկտեմբերի 10-ի ՙհամապետական հանրահավաքին՚: Իսկ թե կանչելու ձեւը ինչպես կլինի, միանգամից զարմանալիորեն երեւաց եւ երեկվա` Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքին: Ավարտին գրեթե բոլոր մասնակիցները նստեցին ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսները եւ մեկնեցին յուրաքանչյուրը իր գործերով: Դե, ինչ, արդեն պարզ է, որ այդ նույն ավտոբուսներով գրեթե անփոփոխ կոնտինգենտը սկզբում կպտտացնեն մարզերով, իսկ հոկտեմբերի 10-ին կբերեն Ազատության հրապարակ:
Այս բոլոր դատարկ կրքերի հորձանուտում, սակայն, գրեթե բոլորը երեկ մոռացան ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ կողմից ընդունված կարեւորագույն որոշման մասին: Համաձայն այդ որոշման` հունվարի 1-ից սահմանամերձ բնակավայրերում տնտեսական գործունեություն ծավալողներն ազատվում են հարկերից: Այդ որոշումը դեռ այնքան օգուտ է բերելու, այնքան է նպաստելու ե°ւ սահմանամերձ գոտու ամրապնդմանը, ե°ւ տնտեսական ակտիվությանը, որ դրա հետ համեմատ` արդեն բոլոր ՙեռյակ-քառյակները՚, բոլոր չարախոս քարոզչամիջոցները զարմանալիորեն լրիվ չնչին բան են թվում: Դե ինչ, այս դրական նորությունով էլ ավարտենք` բացասական ամեն ինչը ուղարկելով գրողը ծոցը:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

