ՙՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ` ՏՎԵԼ ԵՆ ՎՊ-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ` ՍՏՈՒԳԵԼՈՒ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԹԵ` ՈՉ՚
Ազգային ժողովում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված այն հարցին, թե հաշվետվությունում անընդհատ հանդիպում ենք ՙՏիսա՚ եւ ՙԴանինի՚ ՓԲԸ-ների անունները, որոնք անընդհատ շահում են բազմաթիվ տենդերներ եւ մթերք մատակարարում են` սկսած գազանանոցից մինչեւ մանկապարտեզներ: Արդյոք հնարավորություն ունեցել է ՎՊ-ն ուսումնասիրել այդ կազմակերպության գործունեությունը, ովքեր կարողանում են դառնալ այդ բոլոր մրցույթների հաղթողները` չլինելով սննդամթերքի ո°չ արտադրող եւ ո°չ էլ ներկրող: Ըստ ՎՊ նախագահի. -Այդ մասին հստակ գրել ենք տարեկան հաշվետվության մեջ, եւ մենք խնդիրը դիտարկում ենք ոչ թե այն կողմից, ինչ Դուք ցանկանում եք լսել, այլ դիտարկում ենք, թե արդյոք այդ կազմակերպությունների շահած մրցույթները մատակարարած ապրանքները, առաջարկված գները մոտ են, թե` ոչ: Արդյոք այդ կազմակերպությունները գերշահույթ են ստացել, թե` ոչ:
Եթե վերջին տեսանկյունից նայենք, ապա դա հարկային դաշտին է վերաբերում եւ, պետք է իրենք փորձեն շահութահարկի հետ կապված այդ խնդիրները շտկել: Իսկ առաջինի դեպքում պարզապես արձանագրում ենք կոպիտ խախտումներ, եթե դրանք լինում են: Դրան ի պատասխան` պատգամավորը մի դիտարկում արեց ՎՊ նախագահին` ասելով. - Ես չգիտեմ, թե Դուք ինչ նկատի ունեք` ասելով, թե ես ինչ եմ ուզում լսել: Ես ոչ մի բան չեմ ուզում լսել, ես ընդամենն ուզում եմ հասկանալ` Ձեզ հնարավորություն տրվել է` ստուգել, ուսումնասիրել իրենց գործունեությունը, թե` ոչ: Սակայն Իշխան Զաքարյանը այդպես էլ որեւէ հստակ պատասխան չտվեց հնչեցրած հարցին: Այս քննարկմանը մասնակից եղավ նաեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով առաջարկեց, որ նման կազմակերպությունները ՙսեւ ցուցակ՚ գցվեն, իսկ հետագայում արգելվեն, որպեսզի մասնակցեն մրցույթներին: Դրան համամիտ էր նաեւ Իշխան Զաքարյանը, որը նշեց, որ իրենք շատ սերտ համագործակցում են Հոլանդիայի իրենց գործընկերների հետ, որտեղ գոյություն ունի այդպիսի պրակտիկա: Նշենք, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ նշված են վերոհիշյալ կազմակերպությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ: Ի դեպ, ՙՏիսան՚, ըստ ՎՊ-ի հաշվետվության, գրանցված է ԼՂՀ-ում, իսկ ՙԴանինին՚` օֆշորային գոտում: