"ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ "ԳՐՈՂԻ ԾՈՑՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ" ՏԵՂԻՆ ՈՒ ԴԻՊՈՒԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ"
Արխիվ 12-16"ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ "ԳՐՈՂԻ ԾՈՑՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ"
ՏԵՂԻՆ ՈՒ ԴԻՊՈՒԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ"
Նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ելույթը քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ տեղին ու ճիշտ է համարում: Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների, դրանք Թուրքիայի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու դեպքում միայն վավերացնելու մասին, մեջբերել է ժողովրդական "գրողի ծոցը վավերացնեք" արտահայտությունը, որը, ըստ Շիրինյանի, պետք է ավելի վաղ հնչեր. "Այդ արձանագրություններն ավելի վաղ պետք է գրողի ծոցն ուղարկեինք":
Քաղաքագետը ուսումնասիրել է հայ-թուրքական արձանագրությունները եւ հավաստիացնում է` դրանց տակ գաղտնի որեւէ բան չկա: "Հայաստանը ճիշտ արեց, երբ ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները: Մենք չկոտրեցինք ամերիկացիների խաթրը, իսկ ամերիկացների խաթր կոտրելը շատ վտանգավոր է",- վերլուծում է մեր զրուցակիցը:
Լեւոն Շիրինյանի խոսքով` նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնը օգտագործելով, ժողովրդական ֆոլկլորն օգտագործելով` ասաց. "Գրողի ծոցը գնացեք, բայց դա ինքը չի ասում, նա ասում է` Արցախում եւ Հայաստանում հայ ժողովուրդը ասում է` դուք էլ, ձեր արձանագրություններն էլ, գրողի ծոցը գնացեք: Հիմա կասեն` այդ արտահայտությունը դիվանագիտության մեջ ընդունված չէ, չգիտեմ ինչ չէ, բայց շատ էլ սիրուն էր, տեղին էր":
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությանը, թե Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, ըստ Շիրինյանի, եթե նախագահը հայտարարել է, ուրեմն` ետ կկանչենք: "Սերժ Սարգսյանը հույս ունի, որ իր այս հայտարարությունը ազդակ կլինի Թուրքիայի համար, եւ հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար մի քայլ կանեն, բայց ոչինչ էլ չեն անելու",- վստահեցնում է քաղաքագետը:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը, սակայն դահլիճը եղել է կիսադատարկ: Ըստ Շիրինյանի, հավանաբար, դահլիճը լքողներն ակնարկել են Թուրքիայի միջուկային զենքի ստեղծման անընդունելիությունը: "Եթե միջուկային զենքի ստեղծման մասին լուրերն իրականություն դառնան, Եվրոպան կպարտադրի Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը",- եզրափակեց քաղաքագետը:
Սոնա Դավթյան

