«85 ՏԱՐԵԿԱՆ ԼԻՆԵԼՈՎ ՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ 8 ՏԱՐԵԿԱՆ Է ԻՐ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ»
Արխիվ 12-16«85 ՏԱՐԵԿԱՆ ԼԻՆԵԼՈՎ ՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ 8 ՏԱՐԵԿԱՆ Է ԻՐ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ»
Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերաշրջանը մեկնարկեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետով: Ներկայացման ավարտին Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժոր Յուրի Դավթյանն իր 85-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեց մի քանի շքանշաններով: ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Քաղաքապետարանի, ինչպես նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:
Բեմից հնչող բազմաթիվ շնորհավորանքների թվում առանձնահատուկ էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի խոսքը. «Ես ոչ թե շնորհավորում եմ, այլ հպարտանում եմ, որ նա կա մեր կողքին եւ 85 տարեկան լինելով նա ընդամենը 8 տարեկան է իր էներգիայով: Իհարկե, նա 85 տարեկան է, սակայն շատ առույգ է»:
Առավել մանրամասն ստորեւ ներկայացրած տեսանյութում:
Ի դեպ, Յուրի Դավթյանը 1953թ-ից աշխատել է Երեւանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ` գլխավոր դիրիժոր: Ղեկավարել է Ա.Բաբաեւի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Բ», Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնուն» (բալետ) ներկայացումները: 1962-63թթ մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկեւիչի մոտ:
1964-66թթ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ և 1992-94թթ ղեկավարել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների եւ այլ նվագախմբեր: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռումինիա, Հունգարիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա եւ այլուր: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: 1979թ-ից դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում, պրոֆեսոր է: 1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

