Երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ Աստանայում կայացած միջազգային մրցույթից Հայաստան է վերադարձել Գրան Պրիով: Ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներից Կարենն իր տարիքային խմբում արժանանալով գլխավոր մրցանակի` հպարտ է, որ եւս մեկ անգամ Հայաստանի անունը բարձր է պահել:
Ի դեպ, մրցութային օրերից մեկում Կարենը հանդես է եկել իր հեղինակային ՙShine out՚ երգով, որով օրերս ներկայացավ մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան նախընտրական փուլում, սակայն այստեղ այդ երգը Կարենին հաղթանակ չբերեց: Փոքրիկ ԿԱՐԵՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում խոստովանեց որ մանկական ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան մրցույթն իրոք ծանր հետք է թողել իր վրա. ՙՀոգեպես ես ինձ դատարկ եմ զգում, որովհետեւ վիրավորված եմ: Սա առաջին դեպքը չէ, որ մասնակցում եմ այդ մրցույթին, արդեն 3-րդ տարին է` շատ լավ կատարում ենք, բայց վերջում հաղթում է հաղթողը: Նույնն էլ կատարվում է ՙՆոր ալիք՚ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ: Թող այդ նույն հաղթողները կարողանան Հայաստանը ներկայացնել մյուս միջազգային մրցույթներում ու Գրան Պրիով կամ բարձր հորիզոնականներով վերադառնան Հայաստան: Ինչո±ւ է այդ մրցույթում ժյուրիի անդամները գաղտնի, թող ժյուրին տեղում գնահատի իմ ելույթից հետո, որ ես էլ տեսնեմ, թե ինչպես է գնահատում իմ ելույթը: Բոլորը մրցույթից հետո դուրս էին եկել ու ինձ էին շնորհավորում, փոխանակ հաղթողին շնորհավորեին: Ինչո±ւ մեր դեպքում էլ չեն անում այնպես, որ ընտրվի մեկը: Այդ ժամանակ մենք էլ սիրով կգնանք այդ ընտրված մասնակցին քաջալերելու ու հաղթանակ մաղթելու: Խնդիրն այն է, որ մենք ազգ ենք ներկայացնում, մեր պատիվն է: Մենք միշտ ընտրված մասնակցին հաղթանակ ենք մաղթում, որովհետեւ մեր ազգն է ներկայացնում՚: Ապա հավելեց. ՙԽնդիրն այն է, թե ժյուրիի անդամներն ո±ւմ են ընտրում, ինչ խոսք, դա իրենց ու Հանրայինի մեղքն է՚: