Երեկ Երեւանի կենտրոնական մանկական այգում (Կոմայգի) ՙՀամահայկական ծնողական կոմիտե՚, ՙՄայրաքաղաքը` յուրաքանչյուրիս՚, ՙԱզգային արժեքների պահպանման ճակատ՚ ՀԿ-ների ու մի շարք երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ` ի պաշտպանություն ընտանիքի հոգեւոր ու ավանդական արժեքների:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՙՄայրաքաղաքը` յուրաքանչյուրիս՚ ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանն ասաց, որ նման համերգները շարունակական են լինելու. ՙՓորձելու ենք ամեն ամիս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել` հանուն ընտանիքի ու սիրո՚: Մելինեի խոսքով` այս միջոցառումներով փորձում են ընտանիքի ավանդական արժեքների կրող դարձնել նաեւ նրանց, ովքեր այսօր սխալ ճանապարհի վրա են, այլասերվածության հետեւորդ են: Մինչ համերգը, խոսքով հանդես եկան երգչուհի Անահիտ Շահբազյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը` հանուն ավանդական արժեքների պահպանման: Համերգից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սուրբ կաթողիկե եկեղեցի` մոմավառություն կատարելու: Ի դեպ, հանդիսատեսի շարքում մեծ թիվ էին կազմում ՙՀայ ասպետ՚ հաղորդաշարի փոքրիկ մասնակիցները: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ