Մինչ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձը, ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական խալիֆայություն, սկսել է իրականացնել իր բարբարոս ծրագիրը, ըստ որի` Հայաստանը 10 տարվա ընթացքում ընդհանրապես պետք է գոյություն չունենա:
Վերջիններս հենց սեպտեմբերի 21-ին ականապատել եւ պայթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին: Այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նշեց. ՙԴեյր էլ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Իրաքի եւ Լեւանտի ահաբեկիչների կողմից եւս մեկ անգամ փաստում է, որ նրանց գործողություններն ուղղված են քրիստոնյաների դեմ: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի դրան, որովհետեւ այդ ահաբեկիչների քայլերը սպառնալիք են ոչ միայն մեզ համար, այլ` ողջ քաղաքակիրթ մարդկության՚: Հիշեցնենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էլ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները: