ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում նշանակված էր Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ` քաղաքապետարանին կից հրատարակվող ՙՍիսիան լրատու՚ թերթի հիմնադիր, նույնանուն ընկերության տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը:
Նշենք, որ շուրջ մեկ տարի առաջ բացահայտված այս աղմկահարույց գործի դատական պրոցեսի մեկնարկն արդեն մի քանի ամիս է, ինչ անհասկանալի պատճառներով պարբերաբար ձգձգվում է: Եվ ահա երեկ նույնպես դատական նիստը հետաձգվել է, քանի որ ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետի փաստաբան Հովիկ Արենյանը. - Բոլոր մեղադրյալներն էլ ունեին պաշտպաններ, պաշտպաններից ոմանք, այդ թվումª նաեւ ես, միջնորդեցինք, որպեսզի դատաքննությունը չշարունակվի եւ ողջամիտ ժամկետ տրվի` գործի նյութերին ծանոթանալու համար, եւ դատարանը միջնորդությունը բավարարեց: Հերթական դատական նիստը կլինի հոկտեմբերի 17-ին: Անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործին` փաստաբանը հավելեց. - Քրեական գործը` բաղկացած ութ հատորից, իմ պաշտպանյալը քրեական հետապնդման է ենթարկվել, եւ նրան մեղադրանք է առաջադրվել 315 հոդվածի (պաշտոնական անփութություն) հատկանիշներով: Նույն անփութության հոդվածով մեղադրանք է առաջադրվել Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետին, եւ զարմանալի է, թե ինչու նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ քաղաքապետին: Քաղաքապետը ի±նչ պետք է աներ, որ չի արել: Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ իմ պաշտպանյալին անհիմն մեղադրանք է առաջադրվել: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ