ԿԻՆԸ ՉԷՐ ՍԱՐՍԱՓԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ԴԱՆԱԿԻՑ
Արխիվ 12-16ԿԻՆԸ ՉԷՐ ՍԱՐՍԱՓԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ԴԱՆԱԿԻՑ
Սեւանցի Վիգեն Հունանյանը 22 տարեկան է: Նա ծնվել է 1992թ. մայիսի 17-ին: Իր 21-րդ ծննդյան օրը Վիգենը հայտնվել էր կալանավայրում: Արդեն ուժի մեջ մտած դատական ակտով նա դատապարտված է 6 տարվա ազատազրկման: Այդ 6 տարին (ըստ դատավճռի) սահմանվել է. ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համարª 5 եւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համարª 3,5 տարիների մասնակի գումարով: Դատական թվաբանությունը, անշուշտ, քննարկման ենթակա չէ: Բոլոր դեպքերում...ԴԱՆԱԿԻ 3 ՀԱՐՎԱԾ
Դատական թվաբանության յուրահատկությունները ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է վերհիշել, թե ինչ է թաքնված քրեական օրենսգրքի թվերի տակ: Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը նշանակում է, որ Վիգենը մեկ անձի առողջությանը դիտավորությամբ պատճառել էր ծանր վնաս: Այդ վնասի առաջացման մեխանիզմը, ըստ քրեական գործի նյութերի, հետեւյալն էր. ՙ... Վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ա. Ղազարյանի կրծքավանդակի աջ առաջային երեսին, կրծքավանդակի ձախ կեսին եւ ձախ բազկի վերին երրորդի շրջանին՚: Նման 10 դեպքերից 9-ը իրավապահներն ու դատարանները որակում են որպես սպանության փորձ, որի համար առավելագույն պատիժը 10 տարի է: Սակայն դատական թվաբանության տարօրինակությունը դրանում էլ չէ: Ոչ էլ նրանում, որ այդ գործողությունը ՙգնահատվել՚ էր երեքուկես տարով: Անցնենք առաջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը Վիգեն Հունանյանի վրա ՙբարդել՚ էրª ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու փորձը` առանց հափշտակելու նպատակի, բայց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս հանցագործության վտանգավորության աստիճանն ու կատարման մեխանիզը նույնպես ներկայացվում են քրեական գործից...
ՎԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՙԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՚
Ըստ իրավապահների ու դատական ակտիª ՙԴեպքի վայրից փախուստի դիմելուց անմիջապես հետո Վիգեն Հունանյանը, նախնական համաձայնության գալով Սերգեյ Ստեփանյանի հետ, Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին, դանակի գործադրման սպառնալիքով, հարկադրաբար կանգնեցրել եւ Ս. Ստեփանյանի հետ նստել է Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Սարուխանի Զիրոյանի վարած ՙԳազ 3129՚ մակնիշի ավտոմեքենան եւ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` փորձել առանց հափշտակելու նպատակի տիրանալ դրան` նպատակ ունենալով հեռանալ դեպքի վայրից...՚:
Իրականում այդպես էլ եղել էր, սակայն դատարանը նշել էր ոչ բոլորը, ինչ տեղի էր ունեցել ըստ վկա Սիրուշ Գրիգորյանի ցուցմունքի: Տիկին Սիրուշը Ռազմիկ Զիրոյանի կինն է: Նա քննիչներին ՙգրավոր՚ պատմել էր, որ երբ իր ամուսինը կանգնեցրել էր իրենց ավտոմեքենան, եւ տղաները նստել ու պահանջել էին ՙքշել՚, նրանցից մեկի ձեռքում իսկապես դանակ կար: Սակայն վկայի կողմից ներկայացված դրան հաջորդած իրադարձությունները դժվար թե որեւէ մեկին համոզեն, որ տղաների գործողությունները կարող էին ընկալվել որպես լուրջ սպառնալիք:
ՙՏղաներից մեկը` Վիգեն Հունանյանը, ում ձեռքին ես տեսել էի շուրջ 30 սմ երկարությամբ դանակ, գնացել եւ առանց թույլտվության բացելով մեքենայի հետեւի աջ դուռը` նստել էր մեքենայի հետեւի աջ նստատեղին, իսկ մյուսը` Սերգեյ Ստեփանյանը, հետեւի ձախ նստատեղին: Մեքենան նստելուն պես, Վիգեն Հունանյանը իր ձեռքում եղած դանակը պահել էր մեր ուղղությամբ, եւ նրանք ասել էին` ՙքշի, քշի՚, սակայն ամուսինս չէր վարել մեքենան, այլ, անջատելով գործարկված մեքենան, հարցրել է, թե ինչ է պատահել, իսկ ես, իջնելով մեքենայից եւ բռնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Վիգեն Հունանյանի օձիքից` դուրս եմ հանել նրան մեքենայից, Սերգեյ Ստեփանյանը եւս դուրս է եկել մեքենայից՚, - իր ցուցմունքում գրել էր տիկին Սիրուշը: Հիշենք, որ չհաջողված այս ՙահաբեկչությունը՚ Վիգեն Հունանյանի վրա գրեթե կրկնակի թանկ էր նստել, քան սպանության փորձը...
ՎԻԳԵՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է
Ինչպես գրել էինքª Վիգենը կալանավայրում է, դատավճիռն էլ մտել է օրինական ուժի մեջ:
Իսկ ինչ եղավ մյուս հանցագործիª Սերգեյի հետ:
Դատական երկու ատյանների որոշմամբ` Ս. Ստեփանյանն ազատվել էր քրեական պատասխանատվությունից ու պատժից, եւ նրա նկատմամբ կիրառվել էր բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժում: Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ որոշումները, գործն ուղարկվել է նոր քննության: Վճռաբեկ բողոքում անուղղակի, սակայն վիճարկվել է այն հանգամանքը, թեª անձի անմեղսունակ լինելու դեպքում հանցագործությունը կարելի է որակել որպես` ՙկատարված նախնական համաձայնությամբ՚: Ինչեւէ, Սերգեյ Ստեփանյանի պաշտպանը պահանջել էրª ՙՄեղսագրվող արարքի կատարման մեջ ճանաչել եւ հռչակել Ս. Ստեփանյանի անմեղությունը՚:
Այնպես որ, Վիգեն Հունանյանի վերաբերյալ քրեական գործը ավարտված համարելը վաղ է...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

