Աչքներս լույս`
Արխիվ 12-16
Աչքներս լույս` իր մասին զարմանալիորեն որոշեց հիշեցնել Վանաձորի փակ բանտում գտնվող քաղաքական ավանտյուրիստ, սպանության փորձի կազմակերպմանը մասնակցելու համար դատապարտված ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Եվ ոչ ավել, ոչ պակաս, նրա սիրտը հանկարծ ՙազգային շահով առաջնորդվող բռնապետ՚ ուզեց. ՙԱկամա մտածում ես, եթե մինչ օրս անհաղթահարելի ավտորիատարիզմը ինչ-ինչ մեղքերի համար մեզ բաժին հասած պատիժ է, ապա ավելի լավ չէր լինի այս կիսագրագետ, անդաստիարակ, քարանձավային հոգեբանությամբ առաջնորդվող, վախկոտ, ամբողջապես վարկաբեկված ջեբկիրների, ստախոսների եւ անպատիժ մարդասպանների փոխարեն` երկիրը ղեկավար Նազարբաեւի տեսակի ազգային արժանապատվությունն ու նամուսը հարգող մի խելքը գլխին բռնապետ՚:
Զարմանալի է, ինչպես է Արկադի Վարդանյանը դեռ համարձակվում մարդասպանների մասին խոսել, մոռացել է, թե ինչ հոդվածով է դատապարտված: Համ էլ` կրկին Նազարբաեւ: Եթե մեր արեւմտամետները ոտ ու գլխով դարձել են ՙՆազարբաեւի վկա՚ եւ մեծ հույսեր ունեն, որ Ղազախստանի նախագահը կտապալի մեր մուտքը Եվրասիական միություն, ապա Արկադի Վարդանյանը Նազարբաեւի տիպի բռնապետ է ուզում: Հետաքրքիր է, նա ընդհանրապես ողջ կմնար, եթե Հայաստանում այդպիսի բռնապետ լիներ, ու առավել եւս, կկարողանար բանտից փիլիսոյաբանել քաղաքականության մասին: Փիլիսոփայելու զարմանալի սեր ունի եւ ԲՀԿ խմբակցության անդամ օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ. ՙՔաղաքական գործունեության դրսեւորման այնպիսի գործիք, ինչպիսին հանրահավաքն է, իշխանությունների կողմից արժանանում է ուշադրության ոչ թե իր բովանդակային մասով, թե ինչ հարցեր են արծարծվում, այլ այն հանգամանքով, թե որքան մարդ է դրան մասնակցում: Մեխանիկական հարցը դարձել է ավելի կարեւոր՚: Երեւի թե, հարգարժան պարոնը քաղաքական դաշտը, այդ թվում եւ քաղաքական պայքարի այնպիսի միջոցները, ինչպիսին է հանրահավաքները, խառնել է քրեական ծագում ունեցող բիզնեսմենների ՙռազբորկայի՚ հետ, երբ իրոք կարեւոր է, թե որ կողմը ինչ քանակի սափրագլուխ զինյալ թափթփուկներ կբերի, ու դրանով է որոշվում ճիշտն ու սխալը: Այ, հանրահավաքի եկող բողոքավոր ժողովրդին այդ սափրագլուխների յուրահատուկ անալոգ համարելն է, որ թույլ չի տալիս մեր ՙեռյակացած՚ ՙքառյակին՚ իրենց առջեւ դնել հանրօգուտ ռեալ նպատակներ ու հասնել դրանց իրականացմանը:
Իսկ նախկին պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մատնանշեց մի զարմանալի պարադոքս. ՙԻնձ համար անհասկանալի է ընդդիմության մոտեցումը, որտեղ գործող կիսանախագահական համակարգը, նաեւ ընտրական օրենսգիրքը, այո, իշխանությանը տալիս են մեծ հնարավորություններ` վերարտադրվելու: Թե ինչն է նրանց դրդում ժխտել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, երբ դեռ 2 տարի առաջ եղել են դրա կողմնակիցը, մտածում եմ ու չեմ հասկանում՚: Ի վերջո, Ռ. Պետրոսյանը գալիս է եզրակացության, որ ԲՀԿ-ն թաքցնելու բան ունի: Բայց հետաքրքիր է, միթե պարոն Պետրոսյանը չի տեսնում, թե ինչն են թաքցնում ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը համատեղ ջանքերով: Չէ± որ պարզից էլ պարզ է, որ թաքցվածը, իսկ իրականում` լավ տեսանելին, Ռոբերտ Քոչարյանի անձնական շահն է, քանզի կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում նվազագույնի են հասնում նրա` իշխանության գալու շանսերը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

