ԼՏՊ-Ն` ՆԵՐԿԱ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱ
Արխիվ 12-16ԼՏՊ-Ն` ՆԵՐԿԱ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱ
Երեկ դեռեւս ՙքառյակ՚ համարվող այսօր ՙեռյակ՚ դարձած ոչ իշխանական ուժերը շարունակում են լրջորեն պատրաստվել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, սակայն չեն շտապում հայտնել, թե արդյոք դրան ներկա կլինեն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՙԺառանգության՚ առաջնորդները: Ինչպես արդեն նշել է ՙԻրավունքը՚, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ի լուր կուսակիցների, ասում է կամ բերանից թռցրեց, որ հանրահավաքին անպայման ներկա է լինելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն զարմանալիորեն լռում է ՙԺառանգությունը՚: Իհարկե, դժվար է հավատալ, որ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց կթողնի հանրահավաքի մասնակիցներին բարեւելու հնարավորությունը, բայց փաստ է, որ այդ մասին լռում են ՙԺառանգությունում՚: Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի ունենցած ՙեռյակի՚ փակ նիստից հետո փորձեցինք ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ պարզել, թե արդյոք ներկա կլինի պարոն Հովհաննիսյանը, սակայն. ՙԴեռեւս հստակ չէ ՙեռյակի՚ ուժերի առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին՚:
Ինչեւէ, պարզ է, որ առանց առաջնորդների ՙեռյակը՚ չի կարողանա Ազատության հրապարակը ՙլցնել՚, իսկ մյուս կողմից` եթե այս երեք ուժերից որեւէ մեկի առաջնորդը ՙքաշի՚ ու չգա, մյուս երկուսը, մեղմ ասած, ծիծաղելի իրավիճակում կհայտնվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

