ԱՎԱՆԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` «ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՎԱՆԴԱԿԱՆ ԷՊՈՍԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ`
«ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն, Քանդակագործության ազգային պարկ թանգարանի մասնակցությամբ` այս տարվա օգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ն անցկացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար» ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրականացվում է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական մրցույթը, որին մասնակցում են 12-14 տարեկան շուրջ 200 երեխա` մրցելով տարբեր ստեղծագործական ժանրերում` անիմացիոն ստեղծագործությունների, գրական, երաժշտական եւ կերպարվեստի:
«Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար ծրագրի նպատակն էպոսի մշակութային դրսեւորումների բազմազանության զարգացումն է, երեխաների մեջ էպոսի թեմայով ստեղծագործական ներուժի խթանումը, երեխաների ազգային-հայրենասիրական դաստիարակությունը, էպոսի միջոցով մշակութային ինքնության պահպանումը եւ սերունդներին փոխանցման ապահովումը:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արվեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ֆոլկլորը պահպանելու ուղղությամբ, ինչի համար ստեղծվել են հանրապետական ֆոլկլորային մի քանի փառատոներ. «Ֆոլկլորի լավագույն օրինակը եւ գլուխգործոց կարելի է համարել մեր ժողովրդական էպոսը` «Սասունցի Դավիթը», որին նվիրված այս տարի 2 տարբեր ձեւաչափերով փառատոներ ենք կազմակերպում: Մեկը` «Էպոսի օր» հանրապետական, ավանդական էպոսի պահպանությանը նվիրված փառատոնն է, որն արդեն 5-րդ տարին ենք կազմակերպում: Էպոսի բոլոր երգվող եւ կարդացվող հատվածների պահպանության, էպոսի մեջ արտացոլված արժեհամակարգերի եւ ժողովրդական մշակույթի փառաբանման օր է լինելու: Էպոսը նաեւ կներկայացվի ժամանակակից արվեստի զարգացման մեջ, որպեսզի էպոսի դերակատարությունը մեծացնենք, ընդհանրապես մատաղ սերունդը կարողանա ներգրավված լինել ժամանակակից արվեստի զարգացման գործընթացներում: Բայց, դրա հետ մեկտեղ պահպանած լինի ազգային արժեհամակարգը, այսինքն` ինչ-որ ստեղծում է երեխան, ստեղծի ազգային արժեհամարակարգի հիմքի վրա: Այս տարի այն իրականցնում ենք առաջին անգամ `«Կաթնաղբյուր» խորագրով, էպոսի ստեղծագործական մանկապատանեկան եռօրյա ճամբար-հավաք Գյումրիում: Կլինեն ժամանակակից արվեստի տարբեր բնագավառների անվանակարգեր, մրցույթներ տարբեր բնագավառների համար, նույնիսկ ժամանակից երաժշտություն, ռեփ, բայց էպոսի թեմայով: Երեխաները կգրեն շարադրություն, էսսե, արձակ, պոեզիա: Մարզային փուլերոմ հաղթող երեխաները կգան Գյումրի եւ 3 օրվա ընթացքում կմասնակցեն վարպետության դասերի` էպոսի թեմայով: Անվանի ստեղծագործողները երեխաներին վարպետության դասերի միջոցով կսովորեցնեն տեղում ինչ-որ բան ստեղծել եւ Գյումրիում թողնել ժամանակակից մի ստեղծագործություն` էպոսյան թեմայով: Ինչը հնարավորություն կտա, որ մարզերի միջեւ միջմշակութային կապերը զարգանան եւ երեխաներն էլ կարողանան հաղորդակից լինեն իրենց հասակակիցների արվեստին»:
Ի դեպ, մասնակիցները երեք օր կանցկացնեն Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի պուրակներից մեկում, ուր սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա մեկնարկային հավաքը, սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի բլրի վրա կվառվի ստեղծագործական ճամբարի մեծ խարույկը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ծրագրի փակման արարողությունը եւ վկայականների հանձնումը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

