ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՄ՚
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՄ՚
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4,28 նոկաուտ) ռինգ է դուրս գալու սեպտեմբերի 27-ինª Գերմանիայի Քիլ քաղաքում: Նրա մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Առաջիկա մենամարտի, մրցակցի եւ ՙԻրավունքի՚ այլ հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:
-Արթուր, ինչպե՞ս են ընթանում վերջնական փուլում գտնվող ամենօրյա մարզումները:
- Հիանալի: Լավ պատրաստվել եմ սեպտեմբերի 27-ի մենամարտին: Նախ Բեռլինում էի մարզվում, այնուհետեւ մարզումներս շարունակեցի Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում: Արդեն տեղափոխվել եմ Քիլ քաղաք, որտեղ էլ հաշված օրեր հետո կայանալու է մենամարտը:
- Ի՞նչ մարտավարությամբ եք պատրասվում հաղթել մրցակցին:
- Առանց փակագծերը բացելու` ասեմ, որ մարզիչիս հետ համատեղ մշակած մարտավարությամբ թույլ չենք տա, որ Փոլ Սմիթը կիրառի իր ճկունությունն ու հնարամտությունը: Այս մենամարտում ես պետք է հաղթեմ: Այս մասին ավելի լավ է քիչ խոսեմ, ես դա գործով կապացուցեմ:
- Ըստ Ձեզ, որոնք են Փոլ Սմիթի ամենուժեղ եւ թույլ կողմերը:
- Նա ուժեղ բռնցքամարտիկ է, ունի հարձակողական ոճ, ճարպիկ է, ճկուն, շարժուն: Բայց այս ամենը դեռ ոչինչ չի նշանակում. այս մենամարտում ես հաղթելու եմ` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը:
- Քիլ քաղաքում երեք մենամարտ եք անցկացրել, երեքն էլ հաղթական ավարտ են ունեցել: Ինչո՞վ կառանձնացնեք սպասվելիք չորրորդ մենամարտը:
- Առանձնակի տարբերություն չեմ դնում մենամարտերիս միջեւ, բոլորին էլ լավ պատրաստվում եմ, բոլորից առաջ էլ լարված եմ լինում, բոլոր հաղթանակներից հետո էլ ուրախանում եմ: Այնպես որ, այս մենամարտն ինձ համար նույնքան սպասված եւ կարեւոր է, որքան` նախորդները:
- Փոլ Սմիթին հաղթելուց բացի, ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար:
- Մենամարտից մոտավորապես մեկ շաբաթ անց նախատեսում եմ գալ Հայաստան, որտեղ հանգստանալուց հետո կմեկնեմ այլ երկիր` դարձյալ հանգստի, որից հետո կվերադառնամ Բեռլին: Նախատեսում եմ մինչեւ տարեվերջ անցկացնել եւս 1 մենամարտ, որի մասին դեռ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Բայց այս ամենից առաջ իմ ամենակարեւոր անելիքը Փոլ Սմիթին հաղթելը պետք է լինի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

