11 տարի տեւողությամբ, միջնադարյան տեխնոլոգիաներով, հինավուրց գործիքների օգտագործմամբ կառուցված կիլիկյան Հայաստանի առեւտրային առագաստանավ ՙԿիլիկիա՚-ն այսօր ՙապրում՚ է Սեւանում եւ մոտակա ժամանակաշրջանում նավարկության չի պատրաստվում:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՙԱյաս՚ ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, ՙԿիլիկիա՚ նավի նավապետ ԿԱՐԵՆ ԲԱԼԱՅԱՆԸ տեղեկացրեց. ՙԱյս տարի ՙԿիլիկիան՚ դառնում է 12 տարեկան: Ճամփորդության ընթացքում 63 նավահանգիստ ենք այցելել, Եվրոպայի եւ Ասիայի 25 երկրներում եղել, անցել ենք ավելի քան 15.000 ծովային մղոն: Մեր մասնագիտության, մեր աշխարհի մեջ տարբերվողը միայն ու միայն ծովն է, ալիքները, ծովի հետ մեր շփումը... Ճամփորդությունը ստիպում է մտածել, բնության հետ երկար շփվելիս` կյանքի փիլիսոփայական հարցերն են վեր հանվում: Նավաստին առանց ծովի կյանք չունի: Հայաստանում այս ուղղությունը մարդկանց շնորհիվ զարգանում է` անկախ նրանից, թե ինչքան խոչընդոտներ, արգելքներ կան՚,- պատմում է նավապետը եւ վստահեցնում, որ նավը սիրո կուտակում է, եւ որ նավաստու համար ամենակարեւորը համբերությունն է, որովհետեւ օրերով, շաբաթներով, ամիսներով կարող ես նավարկել ու ափ չտեսնել: ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
ՙԿիլիկիայի՚ երկարությունը 20 մ է, լայնությունը` 5 մ, բարձրությունը` 4,85 մ, ջրատարողությունը` 50 տ, առագաստազինումը` լատինական առագաստ` 100 քմ մակերեսով: Միջնադարում այդպիսի նավերի վրա տեղափոխում էին խաչակիրներին, ապրանքներ էին մատակարարում ամբողջ Միջերկրական ծովով եւ ավելի հեռու: 2002 թվականի մայիսին Սեւանա լճի նավարկությամբ է ՙմկրտվել՚ ՙԿիլիկիան՚: Նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով` ամբողջովին կրկնելով հին նավերին` սկսած ընդհանուր տեսքից մինչեւ ամենափոքրիկ ձեւավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից: Կառուցմանն օգնել են նաեւ գծագրերը, որոնց մակարդակով վերականգնվել են 26 նավատեսակներ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանի տարածքում` գետային, լճային, ծովային միջավայրում: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները: