ՙՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ՚
Արխիվ 12-16ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ`
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ՚
Ղրիմի Կոկտեբել քաղաքում սեպտեմբերին մեկնարկել է ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնում էր նաեւ ՙԻրավունքը՚: Կոնֆերանսին ներկա էր ռուս հայտնի քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ, ով հիմնականում խոսեց նախկին ԽՍՀՄ երկրների տարածքներում առաջացած խնդիրների մասին: Նշենք, որ մինչ քաղաքագետի եկույթը ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը նույն ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ոչ Հայաստանին եւ ոչ էլ Ադրբեջանին հարկավոր չէ պատերազմ: Սակայն հիշենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարը եւ դիվերսիոն հարձակումներ իրականացրել, որի արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեցան: Սրա հետ կապված` մեր այն հարցին, թե հայկական կողմին ամենեւին պետք չէ այդ պատերազմը, քանի որ մենք հաղթող կողմ ենք, նշվում է, որ Ադրբեջանին եւս պետք չէ: Այս պարագայում ում է հարկավոր հայ-ադրբեջանական կռիվը, եթե երկու երկրներն էլ չունեն դրա կարիքը:
-Պետք է ասեմ, որ մեծ հաշվով դա Ադրբեջանին էլ պետք չէ: Մի բան է հռետորական կրքեր ստեղծել, մեկ այլ բան է կոնկրետ փորձությունների ենթարկվել: Իսկ ադրբեջանական իշխանությունները հասկանում են, որ եթե իրենք չիրականացնեն արագ հաղթական պատերազմ, այսինքն` մի 4-5 օրում, այն կերկարաձգվի եւ ձախողում կունենան: Իսկ իրական պատերազմը շատ լուրջ մարտահրավեր է: Կարելի է հիշատակել Ադրբեջանի նախկին նախագահներ Մութալիբովի, Էլչիբեյի ճակատագրերը, ովքեր կորցրին իրենց իշխանությունը, պաշտոնը` պատերազմում պարտություն ունենալու պարագայում: Մի բան է, երբ բոլորը գոռում-գոչում են, թե` այ հիմա կսկսենք պատերազմը, եւ դուք կտեսնեք, հայեր, եւ մեկ այլ բան է, որ պետք է ռեալ սկսել այդ պատերազմը: Դրա համար, չեմ կարծում, որ հենց Ադրբեջանին պետք է այդ պատերազմը հիմնարար կերպով, եւ նրանք լավ հասկանում են, որ այստեղ այն նույն իրադրությունը չէ, ինչը որ կա Վրաստանում կամ Ուկրաինայում, որ կողմերից մեկը կարողանար ունենալ աջակցություն Արեւմուտքից: Այնտեղ գոյություն ունի թե° հայամետ, թե° ադրբեջանամետ լոբբինգ: Իսկ Աբխազիայի պարագայում չկա նման բան, որ, ասենք Կալիֆորնիայի նահանգի իշխանությունների կողմից ընդունեն Աբխազիայի անկախությունը: Ղարաբաղի հարցի պարագայում կա լոբբինգ, ճիշտ է դա չի նշանակում վերջնական ճանաչում, բայց դա իր մեջ որոշակի բարեխոսություն է պարունակում միջազգային լայն հանրության համար: Դրա համար ադրբեջանցիները հասկանում են, որ պատերազմ սկսվելու դեպքում` ինֆորմացիոն համատարած աջակցություն չեն ունենա, դրան գումարած նաեւ կորուստները: Եթե անգամ պարտիզանական պատերազմ լինի, այսինքն` դիրքավորված, ապա այդ դիրքավորումը մեծ հարված կբերի հենց Ադրբեջանին: Իսկ ինչո±ւ նման շանտաժ անել: Հասկանում ենք, որ հարցի նման մոտեցումը նշանակում է իրենց ուժային կառույցների գործոնի բարձրացումը: Այլ բան է, երբ նման հարցերում դժվար է կանգ առնել, եւ մի կողմից հասկանում են, որ պետք չէ դրան գնալ, բայց չեն կարողանում կանգ առնել եւ փորձում են պատերազմ սկսել: Լինում են պահեր, որ այս դեպքերը չեն կարողանում շրջադարձել, հենց դրանում է կայանում հիմնական վտանգը:
- Ձեր կարծիքով` ինչպիսին կլինի Ղարաբաղի կարգավիճակը, երբ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը:
- Դեռ պետք է մտնել Եվրասիական տնտեսական միություն, քանի որ այնտեղ բավականին դժվար հարաբերություններ են ձեւավորվել: Ինչպես գիտեք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բավականին քննադատաբար է մոտենում այդ հարցին, անգամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ հարցի մեծ ֆանատը չէ եւ միգուցե նա իրեն զսպում է, բայց այդքան էլ տրամադրված չեն Եվրասիական միության ընդարձակմանը, որքան որ Ռուսաստանն է տրամադրված: Եթե Մոսկվան ուրախ կլինի բոլորին տեսնել այնտեղ, ապա Մինսկի եւ Աստանայի պարագայում պատկերն այլ է: Իսկ անդամակցելուց հետո, չեմ կարծում, որ որեւէ կրիտիկական նշանակություն ունենա ղարաբաղյան հարցի համար: Հույժ կարեւոր է, որ հակամարտող այս երկու կողմերը համաձայնության գան: Ենթադրենք` Հայաստանը անդամակցեց մեկ միության հետ եւս, չնայած որ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց չէ որ ԵՏՄ-ն տնտեսական զարգացում է ապահովելու, եւ ոչ մի լուրջ տնտեսագետ ոչ մի մեկնաբանություն չի փորձի տալ քաղաքական հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, չեմ գտնում, որ Ղարաբաղի հարցում կտրուկ որեւէ բան կփոխվի: Դրա համար իմ գործընկեր Միխեեւը ասում էր` ղարաբաղյան հարցը հեռախոսազանգով չի լուծվելու. ոչ Մոսկվան եւ ոչ էլ Վաշինգտոնը չեն զանգելու ձեր փոխարեն եւ ասելու` հաշտվեք: Դա դուք պետք է անեք, գտնեք հաշտության բանաձեւը եւ հարցին լուծում տաք:
- Բայց օգնել կարող են, չէ:
- Օգնել` այո, բայց ձեր փոխարեն որոշել` ոչ: Եթե ես իմ կնոջ հետ վիճում եմ, ապա իմ ընկերները չեն կարող ինձ օգնել: Եթե բաժանվում ենք, ապա բաժանվում ենք, կամ որոշում ենք, ասենք, շաբաթվա մեջ մի անգամ այսինչ տեղում հանդիպել: Ոչ մի մայր, հայր, ընկեր չեն կարող ինձ եւ կնոջս օգնել, նույնն էլ վերը նշված կոնֆլիկտն է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

