ԻՆՉՔԱՆՈՎ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Արխիվ 12-16ԻՆՉՔԱՆՈՎ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Եվ այսպեսª անցած շաբաթ օրը Ադրբեջանը տվեց տարիներով չարչրկված ծրագրի մեկնարկը: Սկսվեց այսպես կոչված ՙՀարավային գազային միջանցքի՚ առաջին փուլիª ՙՏրանսանատոլյան գազատարի՚ TANAP շինարարությունը: Ճիշտ էª նախագծի մասին շատ է խոսվել, ճիշտ էª առաջին խողովակի տեղադրման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Բուլղարիայի նախագահը, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետները, սակայն այդ միջոցառումը պատասխանի փոխարեն միայն նորանոր հարցեր առաջ քաշեց:ԵՎՐՈՊԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ԻՐ ԻՍԿ ՙՓՐԿՕՂԱԿ՚
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂՈՎ
Առաջին տարօրինակությունն այն էր, որ թեեւ Անկարան միշտ էլ համարվել է Ռուսաստանը շրջանցելով դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման գլոբալ գաղափարախոսության ջերմեռանդ կողմնակիցª որպես տարանցման հանգուցային օղակ տեսնելով իրեն, սակայն այդ ամենի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկայացված էր ընդամենը էներգետիկայի նախարարի մակարդակով: ԵՄ-ն, որի տարբեր պաշտոնյաներ այս նախագիծը համարում են գրեթե իրենց էներգետիկ փրկօղակը եւ ԱՄՆ-ը, որն արդեն ավելի քան 20 տարի իր քաղաքական վերահսկողության տակ է առել հարավկովկասյան տարածաշրջանով Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրները դեպի Եվրոպա հասցնելու բոլոր նախագծերն ու այդ ուղղությամբ այդ ողջ ժամանակահատվածում խոր բախումների մեջ է մտել Ռուսաստանի հետ, այս անգամ բավարարվեցին Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի եւ պետքարտուղար Քերիի շնորհավորական նամակներով: Ով-ով, բայց ամերիկացիները կարող են չեղած տեղն էլ փայլուն շոուներ սարքել: Սակայն այս պահին, երբ Արեւմուտքը չի զլանում հակառուսական ցանկացած գործողություն իսկական հաղթահանդեսի վերածել, մեղմ ասած` այնքան էլ մեծ ոգեւորություն չցուցաբերեց այս ՙդարի նախագծի՚ մեկնարկի հանդեպ: Նախագիծ, որը Վրաստանի բավականին ոգեւորված վարչապետ Ղարիբաշվիլու բնորոշմամբ` փոփոխելու է Եվրոպայի էներգետիկ քարտեզը:
Չնայած մյուս կողմից էլª Արեւմուտքն առանձնապես ոգեւորվելու առիթ չունի էլ: Ճիշտ էª TANAP-ը շատ է գովազդվել, սակայն ակնհայտ է, որ որպես այլընտրանք Եվրոպայի համար, մեղմ ասած, այնքան էլ էական չէ: Բանն այն է, որ եթե անգամ այս ծրագիրը հասնի իր ավարտին, այն լավագույն դեպքում հինգ տարուց Եվրոպային գազ կտա ¥նախնական գնահատականներով` այս նախագծի միջոցով գազը Թուրքիա կհասցնի 2018-ին, իսկ Եվրոպաª 2019-ին¤: Մինչդեռ ռուսների հետ գազային հակամարտությունը ծայրահեղորեն թեժացել է հենց այս պահին, այսինքնª հիմա է, որ Եվրոպան ունի այլընտրանքային գազի կարիք: Երկրորդը. եթե անգամ հենց այս պահին այդ գազատարը լիներ, ապա նրա նախագծային թողունակությունը կազմելու է ընդամենը տարեկան 16 միլիարդ խմ, որը մինչեւ Եվրոպա հասնելը հաստատ մոտ կիսով չափ կնվազի Վրաստանում եւ հատկապես Թուրքիայում: Իսկ մնացած մի 8-10 միլիարդ խմ-ն Եվրոպայի ընդհանուր գազային բալանսի համար ոչ միայն փրկօղակի դեր չի կարող ունենալ, այլեւ նույնիսկ հարց է, թե նման փոքր ծավալները Եվրոպա հասցնելու նպատակով հազարավոր կիլոմետրերով գազատարներ կառուցելուց հետո որեւէ եկամուտ հնարավոր կլինի ստանալ: Ու թերեւս այս պարզ թվաբանությունն է պատճառը, որ TANAP-ին 58 տոկոսով մասնակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, 30 տոկոսովª թուրքական Botas-ը ¥որն իր եկամուտները նախատեսում է Թուրքիայի տարածքում սպառումներից¤:
Իսկ ահա ադրբեջանական էներգետիկան սեփական գրպանի պես ճանաչող ՙԲրիթիշ փեթրոլիումը՚ նախընտրել է այստեղ ունենալ միայն ՙխորհրդանշական՚ª 12 տոկոսանոց մասնակցություն: Նկատենք նաեւ, որ նախնական գնահատականներով` TANAP-ի իրականացումը կպահանջի մոտ 45 միլիարդ դոլարի ներդրում: Դա հսկայական մեծություն է, եւ դժվար չէ կռահել, որ արտաքին ներդրողների փնտրտուքի երկարամյա գործընթաց եղել է: Իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ի քավորությամբ գործող եւ Եվրոպայի ՙփրկության՚ համար նախատեսված այս նախագծում ոչ մի ամերիկյան եւ եվրոպական այլ ընկերություն չկա, իր հերթին է բացատրում, թե ինչու այս նախագծի մեկնարկն այդպես էլ քաղաքական մեծ շոու չդարձավ:
Այլ հարց է, թե Ադրբեջանն ինչու հենց այս խառը օրերին որոշեց դնել TANAP-ի անկյունաքարը եւ ի±նչ հույսեր ունի, որ կկարողանա նախատեսված ժամկետում տեղակայել նաեւ գազատարի վերջին խողովակը, երբ ոչ պակաս ծեծված մեկ այլ նախագիծª Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթուղու շինարարությունը, որի վրա այդքան ծախսեր կատարվեցին, 2008թ. վրացական պատերազմից հետո գործնականում մտել է մեռյալ փուլ:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸª ԵՐԿՐՈՐԴ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ
Ուրեմն ինչ երաշխիք ունի Հեյդար Ալիեւը, որ չկարողանալով երկաթուղին կառուցել, կկարողանա ավարտին հասցնել գազատարը, որի հետ կապված` ռուսական լրատվական դաշտում արդեն իսկ շրջանառվում է այն գաղափարը, թե այս կերպ Ադրբեջանը փորձում է ՙԵվրոպայի էներգամատակարարման հարցում մրցակցել Ռուսաստանի հետ՚: Ավելի կոնկրետª այս քայլը համարվում է Ռուսաստանի հանդեպ թշնամանքի դրսեւորում` հաշվի առնելով, որ Եվրոպայի գազամատակարարման մոտ 1/3-ը վերահսկող ՙԳազպրոմի՚ համար ադրբեջանական այդ համեստ առաջարկը չի կարող մրցակցություն համարվել: Եվ եթե սրան ավելացնում ենք Բարոզուի այն միտքը, թե դա իրականում ՙաշխարհաքաղաքական նախագիծ է՚, ապա այս ամենը վերածվում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին հայտարարված պատերազմի: Ընդ որումª ռուսական որոշ առաջատար լրատվամիջոցների, այդ թվում, այսպես ասենք, Կրեմլին մոտ կանգնած ՙՌիա նովոստի՚ գործակալության գնահատմամբª այդ պատերազմը կարող է ունենալ նաեւ թեժ բնույթ. ՙԵրկրորդ հակառուսական ռազմաճակատը բացելու նախապատրաստական փուլն ընթանում է ամբողջ թափով՚: Բնականաբարª այդ պայթյունի կիզակետը կարող է դառնալ Ղարաբաղը, ընդ որում, նույն աղբյուրի գնահատմամբ, այստեղ բացի թուրք-ադրբեջանական տանդեմից` կարող են գործել նաեւ ադրբեջանա-վրացական եւ նույնիսկª ադրբեջանա-իսրայելյան դաշինքներ:
Շրջանցելով այն մտահոգիչ փաստերը, որոնք դրված են նման եզրակացության հիմքում` նշենք միայն, որ նույն աղբյուրի գնահատմամբª հարավկովկասյան տարածաշրջանում ՙԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժգնացող ռազմաքաղաքական ակտիվացումը՚, բացի Հայաստանից եւ Ռուսաստանից, ուղղված է նաեւ Իրանի դեմ:
Ակնհայտ է, որ Հայաստանն իր ունեցած հնարավորություններով այս իրավիճակում առանձնապես մեծ թվով քայլերի հնարավորություն չունի: Կամ պետք է հայացքը կտրուկ շրջի դեպի Արեւմուտք, որտեղ այս պահին միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ուորլիքի տխրահռչակ 6 կետերն են: Դրանցով նախ կհանձնենք Ղարաբաղի հարակից շրջանները, որին կհաջորդի թուրք-ադրբեջանական տնտեսաքաղաքական ինտերվենցիան, ու մի քանի տարուց ոչ միայն Ղարաբաղից, այլեւ Հայաստանից նույնպես բան չի մնա: Մյուս տարբերակը եվրասիականացումն է: Այդ առումով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս հերթական անգամ հայտարարեց. ՙՏեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէª նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ՚: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանային իրավիճակի այս շիկացումը ոչ միայն չի փոխել, այլեւ էլ ավելի է հիմնավորել Հայաստանի եվրասիականացման գաղափարը, թեեւ տվյալ դեպքում ավելի տեղին է խոսել Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի մասին:
Բայց մյուս կողմից էլª որքանով է հավանական հարավկովկասյան նոր պատերազմը` հաշվի առնելով, որ ինչքան էլ Վաշինգտոնից նման ազդակներ նկատվում են, միեւնույն է, Թուրքիան եւ Իսրայելը նախ ունեն իրենց սեփական հակասությունները, ապաª երկուսն էլ այս օրերին ոչ մի կերպ չեն տեղափոխվում կոշտ հակառուսական դաշտ, այլ նույնիսկ փորձում են գոնե ցուցադրաբար ռուսների հետ հարաբերությունների բարելավման հարթությունից ներկայանալ:
Սրանից զատª Ալիեւը պատրաստ է պատերազմի, որի հակառուսական բնույթի մասին ակնարկները, կարելի է ասել, Կրեմլից են գալիս: Եթե պատերազմելը լիներ Ալիեւի նպատակը, ապա էլ ինչու պետք է հենց այս պահին սկսեր գազատարներ կառուցել կամ գոնե դրա իմիտացիայով զբաղվել: Համենայնդեպսª այս օրերին Ալիեւը մի կողմից հայտնվել է արեւմտյան բուռն քննադատության թիրախում, մյուս կեղմիցª աչքի առաջ է Ուկրաինայի օրինակը, թե ինչի կարող է հանգեցնել հակառուսական կոշտ քաղաքականությունը: Եվ միգուցե գազամուղի կառուցում ՙխաղալը՚ համարել է այդ մուրճի եւ զնդանի արանքից դուրս գալու տարբերակ, թեեւ ակնհայտ է, որ դրանից առանձնապես ո°չ Արեւմուտքն է գոհ, ո°չ էլ Ռուսաստանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

