ԱՄԲԻՈՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ, ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ` ԹԱՐԳՄԱՆԻ՞Չ
Արխիվ 12-16ԱՄԲԻՈՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ, ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ` ԹԱՐԳՄԱՆԻ՞ՉԵրեկ Ազգային ժողովում կայացավ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հերթական հանդիպումը: Այս անգամ հյուրն էր ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Ու էլի ինչպես միշտ, այս ակումբում խնդիր դարձավ` հայերեն պիտի խոսեն ներկաները, թե ռուսերեն: Նախ կիսելյովյան սինդրոմից խուսանավելով` Մ. Շվիդկոյը սկսեց հայերեն խոսել` ասելով նախ «Բարեւ Ձեզ», ապա հավելելով, որ. «Ջուր չկա»: Ռուս պաշտոնյայի հայերենն այսքանով ավարտվեց, ու այս թեման էլ կավարտվեր, եթե հանդիպմանը ներկա չլինեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ սկսեց հայերեն խոսել ու դարձավ պատուհաս ակումբի գլխին: Ռուս պաշտոնյային թարգմանող չկար: Ի վերջո, իրավիճակը փրկեց հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը, ով պատրաստակամություն հայտնեց թարգմանել ու սկսեց համով-համով ռուսերեն խոսել: Սակայն, երբ Խ. Քոքոբելյանը հիշեց Ռուսաստանի բոլոր «մեղքերը»` սկսած հայ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից մինչեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, տիկին Արամյանն ասաց, որ դժվարանում է թարգմանել: Ստիպված, թարգմանչի դերը ստանձնեց հանդիպմանը ներկա «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Ի դեպ, պարզվեց, որ հենց թարգմանչի առաքելությամբ էլ եկել էր պարոն Սաֆարյանը, քանի որ բարձր ամբիոններից մշտապես հայ-ռուսական բարեկամությունից խոսող նախկին քաղաքական մեկնաբանը որեւէ կարծիք այդպես էլ չարտահայտեց ռուս պաշտոնյայի ներկայությամբ: Ավելին` վերջինս անգամ ակումբի հանդիպման ավարտից հետո չցանկացավ խոսել, հավանաբար` Հայաստանի` Մաքսային միության անդամակցումից առաջ գլխացավանքի մեջ չընկնելու համար: Ինչեւէ, ի վերջո, Ազգային ժողովից պեղվեց մի թարգմանչուհի, ով կիսատ-պռատ թարգմանում էր ԱԺ պատգամավորների խոսքը, որոնք այդպես էլ զլացան ռուսերեն խոսել` բացառությամբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի: Նշենք նաեւ, որ առիթից օգտվելով` արեւմտամետ կողմնորոշում ունեցող պատգամավորները` Խ. Քոքոբելյանը եւ Թ. Պողոսյանը, որոնք առաջին անգամ էին մասնակցում Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի հանդիպմանը, սկսեցին խոսել այն մասին, թե ակումբը ոչ թե նպաստում, այլ խոչընդոտում է հայ-ռուսական բարեկամությանը` հիշելով «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Կիսելյովի հայաստանյան աղմկահարույց հայտարարությունները: Պատասխանը` արդեն հայերենով, չուշացավ տիկին Նաղդալյանի կողմից, ինչը վերածվեց ներքաղաքական փոքրիկ կոնֆլիկտի: Ի վերջո, Մ. Շվիդկոյը մոտավորապես պատկերացնելով, թե ինչի մասին է խոսքը, հայաստանյան գործընկերներին հարցրեց` ասելով` եթե ներքին հարցեր ունեք քննարկելու, ապա ինքն այդտեղ ավելորդ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

