ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԹԵԺԱՆԱ
Արխիվ 12-16ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԿԹԵԺԱՆԱ
Երեկ ԱԺ-ումª Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները: Հիշելով, թե ինչ թեժ մթնոլորտում անցան ՎՊ-ի նախորդ տարեկան հաշվետվության քննարկումները, կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ բուռն ընթացք կլինի: Իսկ թե այս առաջին քննարկումներում ինչ եզրակացության է եկել հանձնաժողովը` ներկայացված հաշվետվության առնչությամբ, ապա ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց.
-Քննարկման էր դրվել նպաստի երկու տեսակի` հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած եւ հիվանդության, վնասվածքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների թեման:
Ուսումնասիրության մեջ համեմատվել են 2011-2013 թվականների հիմնական ցուցանիշները: 2011 թվականին գրանցվել է 43 340 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12 587 մարդ, վճարվել է 3 մլրդ 927 միլիոն դրամ նպաստ: 2012 թվականին գրանցվել է 42 480 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 12 445, վճարվել է 3 մլրդ 646 միլիոն դրամ: 2013 թվականին գրանցվել է 41 770 ծնունդ, նպաստավորների թվաքանակը կազմել է 13 370, վճարվել է 5 մլրդ 38 մլն դրամ նպաստ: Այսպիսով` 2013 թվականի ընթացքում ծնված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 մլն դրամ ավել գումար, որը մասամբ պայմանավորված է նաեւ եկամտահարկի մասին օրենքի փոփոխություններով:
Քննարկման արդյունքում եկել ենք հետեւյալ եզրակացությանը` ձեռնարկությունների կողմից իրավական խախտումներ` կոնկրետ ծննդաբերության եւ հղիության նպաստի վճարման հետ կապված, չկան:
Փոխարենը, որ ըստ ՎՊ նախագահի. ՙՎՊ վերլուծությունները ցույց են տվել, որ շինարարության ոլորտում դեռեւս առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք հատկապես արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փուլերում, ինչպես նաեւ շինարարության անկատար եւ ոչ կենսունակ հսկողության համակարգերում՚:
Բավականին ուշագրավ, սակայն ՙանզեն աչքով՚ ոչ պարզ տեսանելի մի շարք չարաշահումներ էլ կան, որոնց կանդրադառնանք ՙԻրավունք-Հետաքննության՚ մեր վաղվա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

