«ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԷՍ ԾԱՌԻՑ ԿԱՊԵՔ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՔ»
Արխիվ 12-16«ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԷՍ ԾԱՌԻՑ ԿԱՊԵՔ ՈՒ ԽՈՇՏԱՆԳԵՔ»
Երեկ հին սովորության համաձայն, Սարյանի պուրակում` ծառերի տակ, ավել-պակաս աչքերից հեռու, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՀԱԿ կուսակցության ակտիվի հետ: Հայաստանի Անկախության տոնի ազդեցության տակ դեռ բարձր տրամադրություն ուներ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, ով հանդիպման առաջին 10 րոպեն օգտագործեց տոնի առթիվ Մուսալեռում իր եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի շատ ու քիչ կերած հարիսայի պատմություններով, հետո էլ ստիպված եղավ արդարանալ կուսակից ընկերների մոտ, որ մենակ-մենակ են կերել հարիսան: Ինչեւէ, ասենք` ձեր կերած-խմածն անուշ ու անցնենք քաղաքական թեմաներին:
ՀԱԿ կուսակցության ակտիվին առաջին հերթին հետաքրքիր էր, թե ինչ ձեւաչափով են ներկայանալու հոկտեմբերի 10-ին կայանալիք այսօր «եռյակ» դարձած նախկին ոչ իշխանական «քառյակի» հանրահավաքին, հատկապես, որ կուսակցության առաջնորդների մասնակցության մասին ձեն-ձուն չկա: Սակայն, Գ. Ջհանգիրյանն աչքալուսանք տվեց ներկաներին` ասելով, որ ՀԱԿ առաջնորդը գալու է հանրահավաքին. «Ոնց որ ասեք` հարսանիք` առանց հարս, էդպես չի լինում, չէ՞»: Մինչ կուսակցության առավել ակտիվ կանայք հուշում էին պարոն Ջհանգիրյանին, որ միգուցե նա տեղյակ չէ, բայց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասել են, որ այդ մասին դեռ հստակ ոչինչ չկա, Գ. Ջհանգիրյանը շարունակեց նույն ոգով` ասելով, թե գիտի` ինչ է ասում. «Իրենց ասածների համար Լեւոն Զուրաբյանին ու Արամ Մանուկյանին էս ծառից կապեք ու խոշտանգեք»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի պահվածքին ու նախկին քառյակի հանրահավաքից հրաժարվելուն, ըստ ՀԱԿ կուսակցության ակտիվի` նորություն չէր, բայց կանխելով կուսակիցների ավել-պակաս խոսելը, Գ. Ջհանգիրյանն ասաց. «Սպասեք մինչեւ ամսի 15-ը, հեսա որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկները չընդունեց իշխանությունը, նորից հետ են գալու մեզ մոտ»:
Թե արդյոք «քառյակի» ջրաղացին քար նետած ՀՅԴ-ն կվերադառնա «քառյակ», մեկ գիտի Աստված, մեկ էլ` հավաստիացնում է Գ. Ջհանգիրյանը, բայց որ վերջինս չի ներում Ա. Մանուկյանին` իրենից շատ հարիսա ուտելու համար, դա փաստ էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

