ՙՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՀԱՆՋԸ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՀԱՆՋԸ
Սեպտեմբերի 19-ին ՙՀայաստան-Սփյուռք՚ 5-րդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան` Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջով: ՙԻրավունքը՚ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ պարզեց` հնարավոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` թուրքական իշխանությունները իրենց երկրի վարկանիշի բարձրացման նպատակով բավարարեն Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջը: ՙԹուրքիան անելու է բազմաթիվ իմիտացիոն քայլեր եւ չեմ բացառում գույքի, կալվածքների վերադարձ: Տարբեր եկեղեցիներ արդեն վերանորոգվում են, այդ թվում նաեւ Անիի ավերված եկեղեցին՚,- պատասխանեց թուրքագետը:
Կոնկրետ Սիսի նստավայրի վերադարձի մասին խոսելիս` ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրենը հիշեցնում է` Սիսում չկան հայեր, հայկական համայնք, հետեւաբար` նստավայրի վերադարձը շոշափելի նշանակություն չի ունենա: ՙՉնայած բարոյական տեսանկյունից իհարկե կարեւոր է, բայց թուրքերը նման պահանջները փորձելու են իրենց ձեռնտու տարբերակով ներկայացնեն՚,- եզրափակեց Ռ.Մելքոնյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

