«ՕՁՈՒՆՈՒՄ ԲԱՐԻ, ՀՈԳԵՎՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ Է, ՍԻՐՈ ՄԹՆՈԼՈՐՏ…»
Արխիվ 12-16«ՕՁՈՒՆՈՒՄ ԲԱՐԻ, ՀՈԳԵՎՈՐ ՄԹՆՈԼՈՐՏ Է, ՍԻՐՈ ՄԹՆՈԼՈՐՏ…»
Օձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է` հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Գյուղը և շրջակայքը հարուստ են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Ճարտարապետական հորինվածքով և հարդարման գեղարվեստական ոճով մոտ VI դ. վերջի կառույց է: Եկեղեցին անվանվել է Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հովհաննես, Խաչգունդ: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, չնայած իր վաղեմությանն ու վերանորգման փուլին, այսօր ևս ակտիվ է ու գործուն: Հաշված րոպեներ անցկացնելով եկեղեցու տարածքում՝ հասցրեցինք ականատես լինել 2 մկրտության և փոքր-ինչ ժամանակ խնդրելով եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆԻՑ՝ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» զրուցեց վերջինիս հետ՝ տեղեկանալով եկեղեցու առօրյային, համայնքում ապրողների հոգևոր պատկերին:
- Մինչ ձեր ականատեսությամբ կատարված 2 մկրտությունը 2-ն էլ արդեն կատարվել էր. եկեղեցին բավականին ակտիվ հոգևոր կյանքով է ապրում, բազմաթիվ այցելուներ ունի, բայց, միևնույնն է, իր ունեցած արժեքի համեմատ իրականում քիչ է: Պատճառը միգուցե Խորհրդային շրջանում եկեղեցու չգործելն է եղել: Այն երկար ժամանակ որպես պահեստ է ծառայել, անակախությունից հետո էլ՝ մշտական ծառայող քահանա չի ունեցել, բայց հուսով ենք՝ ժամանակի ընթացքում բոլոր բացթողումները կլրացվեն: Այսօր համայնքում լավ ակտիվություն կա. պատարագի ընթացքում 300-400 մարդ է լինում՝ թե´ գյուղից, թե´ հարակից տարածքներից, ամառային օրերին նաև օտարազգիներ: Օձունը մեծ արժեք ներկայացնող սրբավայր է, մենք էլ փորձում ենք այդ սրբավայրին վայել մեզ պահել, եկողներին ջերմ կերպով ընդունել, ներկայացնել եկեղեցու իրական արժեքը, ցույց տալ շատ արժեքավոր խաչեր, որոնք օգտագործվել են երկրորդ անգամ՝ հին քանդակների վրա և առանց մեր ուղղորդման այցելուները դժվարությամբ կգտնեն դրանք: Ունենք դեռևս 4-րդ դարից պահպանված խաչքարեր, պատերը 5-րդ դարի են, որոշները զարդարված 4-րդ դարի քանդակներով, հիմա էլ, փառք Աստծո, եկեղեցին վերականգնվում է:
- Չկա՞ մտավախություն, որ ռեստավրացիան կհափշտակի եկեղեցու արժեքավոր հնությունը:
- Վերանորոգումը բարձր որակով է արվում. ոչինչ չենք կորցնի, այլ նոր ծածկասալեր կունենանք, մտածում եմ, որ միակ խնդիրը կարող է լինել այն դեպքում, երբ սրահներն ամբողջական ծածկ չունենան: Եկեղեցուն ամբողջական մոտեցում է պետք ցուցաբերել, ոչ թե իբրև հուշարձան մասնակի վերանորոգել: Շատ ենք ուզում, որ նրան որպես կենդանի, գործող եկեղեցու վերաբերմունք տրվի և վստահ ենք, որ մշակույթի նախարարը՝ տիկին Հասմիկ Պողոսյանը, կուղղորդի աշխատանքային խմբին: Ամբողջական վերանորգման պարագայում եկեղեցին իր ամբողջական տեսքով կներկայանա և այցելուների համար առավել հարմար ու պրակտիկ տեսանկյունից ևս կծառայի: Ամբողջական բարեկարգման պարագայում նաև գեղեցիկ արտաքին սրահներ կունենանք, որոնց կարիքը հատկապես տաղավար տոներին է զգացվում, երբ եկեղեցու ներսում տեղ չի լինում, անցկացվող բակային ճամբարի երեխաներն էլ դասեր կանեն, սրահները իբրև ճեմարան ևս կօգտագործվեն՝ քայլելով ուսուցանելու մեթոդով: Սրահները նաև ջրահեռացման առումով են կարևոր, եկեղեցու երկրաշարժադիմացկությունը կավելանա դրանով, նաև տեսքի առումով՝ արտաքինից ամբողջական կդառա, այլ ոչ թե կմնա այնպսիսին, ինչպիս ավերումներից հետո է մեզ հասել: Օձունը այնպիսի եկեղեցիների թվին է պատկանում, որ գտնվում է Հայաստանի ամենակարևոր գյուղերից մեկի կենտրոնում, համայնքի հիմնական աղոթատունն է, որտեղ մարդիկ գալիս են կնքվելու, պսակվելու: Վերջին տարիներին առանց եկեղեցու օրհնության համատեղ կյանքով ապրելու դեպքեր չեն եղել: Եվ փառք Աստծո նաև մեր եկեղեցու երգչախումն է հրաշալի, որ մեծ բավականություն է պատճառում այցելուներին:
- Երգչախմբի սաների մասնագիտական, կրթական ոլորտներ ապահովող կենտրոններ կա՞ն գյուղում:
-
Տարածաշրջանում շատ լավ խմբակներ կան, որոնց աշակերտների մեծ մասը մեր գյուղից են, նաև լավ Արվեստի դպրոց ունենք՝ 100-ից ավելի աշակերտներով, երգ ու պարի, նկարչական խմբակներ, կառատեի բարձրակարգ մասնագետներով խմբակ:
- Աղանդավորական կառույցների արմատները որքանո՞վ են ակտիվ գյուղում, կա՞ արդյոք վտանգ այս տեսանկյունից:
- Գյուղում իրականում աղանդավորություն չկա, ժամանակ առ ժամանակ որոշ աղանդներ փորձում են վատ մթնոլորտ ստեղծել, բայց դա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում՝ առանց խորն արմատների: Մենք դեմ չենք կանգնում քարոզվող ոչ մի աղանդի. ոչ մի կրոնական կազմակերպութնուն մեզ համար մրցակից չէ, գյուղացին էլ և´ աչք ունի, և´ ականջ: Ցավալին միայն այն է, որ որոշ կրոնական կառույցներ գալիս են գյուղ ու կրոնական ատելություն, թշնամանք սերմանում ու մանավանդ եկեղեցու հասցեին ոչ իրական, կեղծ տեղեկատվություն տարածում, դրանք հիմնականում Եհովայի վկանները, Նոր առաքելական կոչվող գերմանական կրոնական կազմակերպությունն ու Ավետարանչական կազմակերպություններն են: Նրանց բոլոր քայլերն անհաջող են. գյուղում իրենք աջակիցներ չունեն: Օձունում բարի, հոգևոր մթնոլորտ է, սիրո մթնոլորտ…
- Ինչպիսի՞ն է այսօրվա օձնեցին:
- Դեռևս միջնադարյան պատմիչի հիշատակություն մեջ Օձունում ապրում էին աստվածավախ, արդար, հյուրասեր, բարեպաշտ մարդիկ, կարող եմ, ասել, որ միջնադարից առ այսօր պատկերը չի փոխվել: Ցավոք, եկեղացական իմաստով դպրոցներ չկան, նոր սերնդի դիմագծում հոգևոր նկարագիրն առավել ամրացնելու համար գյուղում գործող 2 հանրակրթական դպրոցների հետ է կատարվում մեր սերտ համագործակցությունը: Դպրոցի միջոցառումներին ակտիվ մասնակցում ենք, արտադասարանային հանդիպումներ ունենում աշակերտների հետ, մանկապարտեզներում Տաղավար տոները պատշաճ կերպով նշում: Գյուղում ունեք գյուղացիների աջակցությունը, բարի վերաբերմունքը, հոգևոր միջոցառումների, հայրենասիրական,մշակութային միջոռացումներին կա տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղապետի, մարզպետարանի աջակցությունը: Լուսավոր շատ բաներ կան գյուղում, հատկապես աճող նոր սերունդը, որ մեծ ակտիվություն ունի հոգևոր
ոլորտի նկատմամբ. վերջերս ուխտագնացություն եղավ դեպի Սևանավանք, Հաղարծին, հիմա էլ ծրագիր կա դեպի Նորավանք, Տաթև, Գանձասար, Դադեվանք, Ղազանչեցոց վանք: Հրաշալի Երիտասարդաց միություն ունենք, որը բարեգործական ծրագրեր է իրականցնում՝ աջակցություն ցուցաբերելով աղքատներին, հաշամանդամություն ունեցող ընտանիքի անդամներին: Մեր ազգը բարօր ապագա պիտի ունենա, մենք էլ ամեն ինչ պետք է անենք մեր պապերի ստեղծածը պահելու և նորն ավելացնելու հարցում: Իտալացու, անգլիացու ստեղծած երկրում կարելի է լավ ապրել, բայց դու դա մենք չենք վաստակել, դա մեր պապերի արդար քրտինքը չէ: Ամենքս մեր հայրենիքը պիտ շենացնենք ու վայելենք…
Տեր Վրթանես քահանա Բաղալյանի պապերը Կիլիկիայի Մուսալեռից են, ծնողները՝ Երևանից, Էջմիածնից, իսկ ինքն ապրում է Օձունում, որովհետև մտածում է, որ որտեղ Վեհափառ հայրապետի, Թեմակալ առաջնորդի կողմից նշանակվել է, դա էլ Աստծո կամքն է ու իր բնակության վայրը: Տեր Վրթանեսն Օձունում ապրում է 2006 թվականից իր կնոջ ու 3 երեխաների՝ Պետրոսի, Սեդայի, Սողոմոնի հետ, ովքեր գյուղի դպրոց են գնում, մասնակցում նկարչական, կառատեի, դաշնամուրի խմբակների:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

