Ամերիկամետ պատգավորները հայ-ռուսական ակումբը փորձեցին վեր ածել խեղկատակության
Արխիվ 12-16Ամերիկամետ պատգավորները հայ-ռուսական ակումբը փորձեցին վեր ածել խեղկատակության
Ազգային ժողովում այսօր ընթանում է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է ''Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարները'': Նիստին բացի հայ պատգամավորներից, լրագրողներից, կինոյի եւ թատրոնի գործիչներից ու ՀԿ ներկայացուցիչներից մասնակցում է ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Նախևառաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ քանի որ ոչ պաշտոնական մթնոլորտ է, յուրաքանչյուրը կարող է խոսել այն լեզվով, որով հարմար է: Ապա խոսքը տրվեց Մ. Շվիդկոյին: Վերջինս շեշտեց, որ Հայաստանում խորհրդարանական ակումբ ցանկացած փողոցում կարելի է հավաքել, ապա նշեց, որ երկու ազգերի միջև բարեկամական, եղբայրական կապեր կան, դրանք բավական խորն են ու լուրջ: ''Ես չեմ սիրում, որ ասում են` մենք այլ ընտրություն չունեինք, մենք ընտրություն միշտ ունենք, հայ ու ռուս ժողովուրդներն անում են գիտակցված ընտրություն` մեկը մյուսի հետ հարաբերություններում'',-նկատեց նա:
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր մի շարք ծրագրեր` կրթության, զենքի, տնտեսության հետ կապված և այլն, առաջին հերթին տնտեսական: Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանալ, անգլերեն չէ: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահության է առաջացնում քո գործընկերոջ մոտ''-ասաց նա:
Ապա «ժառանգակական» պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ռուս գործընկերը կրկին փորձ է անում գովազդել ռուսական լեզուն, սակայն այդպես էլ չպարզաբանեց թե դրա մեջ ինչ անբնական կամ վատ բան կա:
«Ձեր խոսքից հասկացա, որ Կիսելյովից հետո դուք ռուսական soft power-ի հաջորդ ներկայացուցիչն եք: Բայց հավանաբար նա ավելի խիստ «զենքով» էր եկել: Նորից շեշտը դնում եք լեզվի վրա: Բայց ֆիզիկա սովորելու համար հայը պետք է հայերենով սովորի: Դրեք այդ բոլոր հարցերը հավասար հարթության վրա»,- ասաց նա ու շարունակեց.
«Դուք Վլադիմիր Պուտինի հետ բավական սերտ կապեր ունեք, խորհուրդ տվեք նրան` կամ ատոմային զենք վաճառել և Հայաստանին և Ադրբեջանին, կամ էլ օրենք ընդունեք կամ ՄԱԿ-ի բանաձև, որ այն երկրները, որոնք զենք կվաճառեն հարավային Կովկասում, սանկցիաների կհանդիպեն:
Դրեք հայ-ռուսական հարաբերություններում այն հավասար հիմքը, որ ոչ մի ռուս լրագրող չգա ու այստեղ չասի, թե տաքսիստը ռուսերեն չգիտի կամ փողոցներում ռուսերենով ցուցանակներ չկան: Քանի՞ ցուցանակ կա Ռուսաստանում հայերենով»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ իր կարծիքով հակադարձեց` ասելով.
«Անգլիացի մեծ գրող Ջորջ Բայրոնը հայերեն է սովորել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կարդալու համար»:
Մի խոսքով ամերիկամետ պատգավորները նիստը փորձեցին վեր ածել խեղկատակության եւ ձգտեցին հնարավորինս անհեթեթ տպավորություն թողնել բարձրաստիճան հյուրի վրա, ինչը, ի դեպ, նրանց հաջողվեց: Միայն թե այդ տպավորությունը չտարածվի ամբողջ ազգի վրա...

