ՍՊԱՆԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ ԷՐ ՏԱՏԻԿԻՆ
Արխիվ 12-16ՍՊԱՆԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ ԷՐ ՏԱՏԻԿԻՆ
Կանխազգացումը այս դեպքում չէր դավաճանել իրավապահներին. սպանության դեպքի առնչությամբ նրանք քրեական գործ էին հարուցել մի տղամարդու այն հաղորդման հիման վրա, որ՝ «Մայրը՝ 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել»: Հաղորդումը տրվել էր սեպտենբերի 16-ին, գործը հարուցվել էր հաջորդ իսկ օրը:
Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր Սիլվա Գալստյանի դին, իսկ բացահայտված մարդասպանին առաջադրվել էր նաև ավազակության մեղադրանք՝ փաստերի հետևյալ շարադրմամբ.
«Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել»: Այնտեղ էլ հայտնաբերվել մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված դին:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

