« ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԵՐԹ`Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ Ա
Արխիվ 12-16«ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ԵՐԹ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ

Հայաստանում արեւմտամետ ուժերի կողմից ֆինանսավորվում են բազմաթիվ հակահայկական կազմակերպություններ եւ անհատներ, որոնք նպատակ ունեն կործանել հայկական ավանդական ընտանիքը եւ հոգեւոր արժեքները փոխարինել եվրոպական «արժեքներով»: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահ Արման Բոշյանը: Գիտակցելով այն հանգամանքը, որ Եվրոպայից դուրս եկող ամպից կարկուտը միշտ Հայաստանի վրա է թափվում եւ ոչնչացնում հայկականը` Հայաստանում եւս լուրջ պայքարում են այդ մարտահրավերների դեմ: Ի պաշտպանություն ավանդական հոգեւոր արժեքների եւ աջակցություն բազմազավակ ընտանիքների` մի շարք հասարակական կազմակերպություններ սեպտեմբերի 23-ին Հայաստանում անցկացնելու են «Սեր եւ ընտանիք» խորագրով համերգ, որին կհաջորդի խաղաղ երթ: Ա. Բոշյանի խոսքով` նման միջոցառում անցկացվում է առաջին անգամ եւ նպատակ կա նմանատիպ միջոցառում անցկացնել ամիսը մեկ: «1991 թվականի սեպտեմբերի 23-ին Վազգեն Առաջինը օրհնեց ժողովրդի ընտրությունն ինքնիշխանության վերաբերյալ: Ինքնիշխանության թիվ մեկ սյունը հայ ընտանիքն է: Ամենակարեւորը բազմազավակ ընտանիքն է, որը մեր երկրում ամենախոցելին է»,-նշեց Բոշյանը եւ ընդգծեց, որ հայ մշակույթի, ընտանիքի եւ եկեղեցու ավանդույթների պահպանությանը նվիրված երթը կավարտվի մոմավառությամբ: Ըստ նրա` միջոցառումն անցկացվում է առաջին հերթին երիտասարդների համար. «Իրական ինքնիշխանությունը հնարավոր չէ առանց ընտանիքի ինստիտուտի պահպանության, առանց բազմազավակ ընտանիքների աջակցության, առանց օրենքների նախագծերի, որոնք հստակ ձեւակերպելու են այն համակարգը, որն աջակցելու է ընտանիքներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործում են 3 հազարից ավելի կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են ոչ Հայաստանից եւ կատարում են հակահայկական, հակամշակութային քարոզչություն»,-ավելացրեց Ա. Բոշյանը: Նշենք, որ «Սեր եւ ընտանիք» խորագրով համերգի համար մասնակիցներն ընտրել են «Հայ ընտանիք, հայ մշակույթ, հայ եկեղեցի» կարգախոսը:
Հ.Գ. Թեմայի շարունակությունը կարդացեք վաղվա «Իրավունքի» տպագիր մամուլում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

