«ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՍԵԼ՝ՀԱՅԿԱԿԱՆ ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉԸ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ». ԹՈՒՐՔԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է ԱՍԵԼ՝ՀԱՅԿԱԿԱՆ ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉԸ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ». ԹՈՒՐՔԱԳԵՏ
Հայաստանում Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի մասնաճյուղն այսօր կազմակերպել էր քննարկում հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ելույթով հանդես եկան Ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Ակադեմիայի հիմնադիր նախագահ պարոն Ազատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ՀՀ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ Ալեքսանդր Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ երկարաժամկետ կանխատեսումների առումով Հայաստանը ետ է ընկնում այն երկրներից, որոնց հետ պետք է մրցակցենք, օրինակ հրեաները հազարամյակներով են կանխատեսումներ անում:
Ամբիոնի վարիչը մեջբերեց վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության մասին ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է՝ Հայոց ցեղասպանության աշխատանքները համակարգող հանձնաժողովը Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո պետք է շարունակի իր աշխատանքը:
Պրն Սաֆարյանը նաեւ հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները մեր երկրի քաղաքական ղեկավարությունը կարող է ետ կանչել: «Մենք կանխատեսել էինք, որ արձանագրությունները խորհրդարանական վավերացման փուլում փակուղի են մտնելու»,- հիշեցրեց Ալ. Սաֆարյանը:
Թուրքագետը հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների արձանագրությունների հետ կապված հայ որոշ նախարարներ անհեթեթ հայտարարություններով հանդես եկան, որն ուղղակի չէր կարելի: «Մենք նախօրոք զգուշացրել էինք, որ նման հայտարարությամբ հանդես չգան եւ սեպ չխրեն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Որոշ նախարարներ ասում էին, որ կարող ենք հայկական չիր ու չամիչը տանել թուրքական շուկայում ծախել: Ա անհեթեթություն է եւ դա հակադարձ ռեակցիան էր առաջացնում Սփյուռքում»,- մանրամասնեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թուրքագետը հիշեցնում է՝ պահանջատիրության հետ է կապված Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը չի կարող զուտ բարոյական ճանաչմամբ ավարտվել,դա ենթադրում է նաեւ ֆինանսական ու տարածքային փոխհատուցում:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ թուրքագետը հայտարարեց, որ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի նախատեսվում:
Քննարկման վերջում ՀՀ ակադեմիայի անդամ Լեւոն Սարգսյանը ՀՀ վաստակավոր մանկավարժ, ԵՊՀ արևեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին հանձնեց ակադեմիայի իսկական անդամ դառնալու դիպլոմը:
Սոնա Դավթյան

