«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՅԴ ԺԱՆՏԱԽՏԸ
Արխիվ 12-16«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՅԴ ԺԱՆՏԱԽՏԸ»
Մինչ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձը, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական խալիֆայություն, սկսել են իրականացնել իր բարբարոս ծրագիրը, ըստ որի, Հայաստանը 10 տարվա ընթացքում ընդհանրապես պետք է գոյություն չունենա: Վերջիններս հենց սեպտեմբերի 21-ին ականապատել եւ պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը
ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:
Կատարվածը ցնցել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ պատմաբաններ պնդում են, թե Դեր Զորը հայերի
Օսվենցիմն է: Պատմական իրադարձություններին համապատասխան պետք է ասել, որ Օսվենցիմը հայերի Դեր Զորն էր... Իսկ ե՞րբ է լինելու հայերի Նյուրնբերգը...», - սա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն էր քաղաքակիրթ աշխարհին, հղած 2010 թվականին Դեր Զորի անապատից: Այսօր Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցած եկեղեցին պայթեցվել է... Ես, միամիտս, պահանջում եմ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը: Ի՞նչ կասեր սպիտակօձիքավոր աշխարհը, եթե նեոնացիստների կողմից պայթեցվեին Օսվենցիմը, Բուհենվալդը, Դահաուն...
«Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել...», - Դեր Զորում եզրափակեց իր խոսքը Սերժ Սարգսյանը:
Մահացածների հիշատակի դեմ պայքարողների համար մենք, կենդանի հայերս, պատմության, Աստծո և բարոյականության հաղթանակի խորհրդանիշ ենք: Այսքանից հետո, ինչպե՞ս չհավատաս քո ժողովրդի աստվածային առաքելությանը»:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Հիշեցնենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

